Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում Գերմանիայի դեսպանատունն արձագանքել է հանդիպման ամրագրման ժամերը վաճառելու ահազանգերին

Հայաստանում Գերմանիայի դեսպանատունն արձագանքել է հանդիպման ամրագրման ժամերը վաճառելու ահազանգերին
Միջազգային
18:22, 06 апрель 2023
Վերջին ժամանակներս շենգենյան վիզա ստանալու գործընթացը բարդացել է և դարձել տարատեսակ սպեկուլյացիաների առարկա։ Civic.am-ը ահազանգեր էր ստացել, որ տարբեր դեսպանատներում վիզա ստանալու համար դիմում ներկայացնելու պայմանավորվածության ամրագրումը անհատ քաղաքացիների համար դարձել է գրեթե անհնար։ 

Բանն այն է, որ ամրագրման համար ժամկետը դեսպանատների կայքերում բացվում է գիշերային ժամերին, մի քանի րոպեով, և սովորական քաղաքացու համար գրեթե անհնար է այդ ընթացքում հասցնել օր ամրագրել։ Տարբեր անհատներ համակարգչային տարբեր ծրագրերի միջոցով նախօրոք ամրագրում են բոլոր տեղերը, ապա դրանք 20 հազարից մինչև 40 հազար դրամով վաճառում տուրիստական ընկերություններին և անհատներին։ Մարդիկ ստիպված են լինում օգտվել այդպիսի ծառայություններից։  

Այսօր Գերմանիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ այսուհետ դեսպանության կայքում յուրաքանչյուրը կարող է անվճար գրանցվել։ Պայմանավորվածության ժամը, ըստ տարածված հաղորդագրության, կտրամադրվի դիմումի ներկայացման ժամկետից մոտավորապես 3 շաբաթ առաջ։ «Այս փոփոխության արդյունքում ճամփորդող քաղաքացիները ավելի ապահով կարող են պլանավորել իրենց այցը»,- ասված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ։ 

Փոփոխությունը ենթադրում է, որ այսուհետ յուրաքանչյուր ոք կարող է մտնել դեսպանատան կայք, լրացնել իր տվյալները, իսկ դեսպանատունն ինքը կորոշի՝ հաստատե՞լ դիմումը, թե՞ ոչ, կամ ո՞ր օրվա համար։