Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ հավատարիմ է մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագան խթանելուն. Պատել

ԱՄՆ հավատարիմ է մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագան խթանելուն. Պատել
Միջազգային
11:39, 04 май 2023
ԱՄՆ հավատարիմ է մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագան խթանելուն:

Այս մասին մայիսի 3-ին, հերթական ճեպազրույցի ժամանակ նշել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացի մասին հարցին:

Պետքարտուղարության ներկայացուցիչը շեշտել է՝ ուղիղ երկխոսությունն առանցքային է կայուն խաղաղությանը հասնելու համար, որն ըստ նրա՝ հնարավոր է այս երկու պետությունների միջև։

Փոխխոսնակը հրաժարվել է որևէ այլ տեղեկություն տրամադրել այս առիթով՝ հաշվի առնելով, որ բանակցությունները ընթացքի մեջ են, սակայն ընդգծել միայն, որ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն շարունակում է խորապես ներգրավված լինել գործընթացում:

Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է Վաշինգտոնում ընթանում են հայ-ադրբեջանական բանակցությունները, որոնք շարունակվել են նաև այսօր: Որոշ աղբյուրների համաձայն, դրանք կամփոփվեն վաղը մայիսի 4-ին, որի ձևաչափի մասին դեռևս չկա վերջնական տեղեկատվություն: Ըստ ադրբեջանական «Թուրան» գործակալության՝ չի բացառվում, որ արտգործնախարարներ Միրզոյանի և Բայրամովի վաղվա ամփոփիչ բանակցություններին մասնակցի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Մայիսի 3-ին, Վաշինգտոնում կայացել է եռակողմ հանդիպում արտգործնախարարներ Միրզոյանի, Բայրամովի ու Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջև: