Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ Պետդեպը Վրաստանին նախազգուշացրել է՝ պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնման դեպքում

ԱՄՆ Պետդեպը Վրաստանին նախազգուշացրել է՝ պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնման դեպքում
Միջազգային
13:14, 11 май 2023
ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացրել է, որ կարող է պատժամիջոցներ սահմանել, եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցության վերականգնման դեպքում վրացական ավիաընկերությունները սպասարկեն ռուսական ինքնաթիռները, որոնք հայտնվել են պատժամիջոցների տակ։ Այս մասին հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչը Accent news վրացական պարբերականի մեկնաբանության մեջ։

 «Արևմտյան մի շարք պետություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, արգելել են ռուսական ավիաընկերությունների թռիչքներն իրենց օդային տարածքում։ Եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը վերականգնվի, դա կհարուցի մեր մտահոգությունը և հնարավոր կդարձնի պատժամիջոցների սահմանումը վրացական ավիաընկերությունների դեմ, որոնք կսպասարկեն (ռուսական) ներմուծման և արտահանման հսկողության ներքո գտնվող ինքնաթիռները»,- ասվում է Պետդեպարտամենտի պատասխանում։ 

Գերատեսչությունն ընդգծել է, որ Արևմուտքը դատապարտում է Ռուսաստանի Դաշնությունում «կոշտ ռեժիմի» գործողությունները և կարծում է, որ «այժմ Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու ժամանակը չէ»։ «Վրաց ժողովրդին պետք է, որ Պուտինը դուրս բերի զորքերը Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի տարածքից, այլ ոչ թե վերականգնի ուղիղ ավիահաղորդակցությունը կամ չեղարկի վիզային ռեժիմը»,- հավելել է Պետդեպարտամենտը: