Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նիստում․ Տեսանյութ

7-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նիստում, ելույթում մասնավորապես ասվել է.

«Հարգելի գործընկերներ,

մինչդեռ այսօր մենք խոսում ենք տնտեսական խնդիրների եւ տնտեսական համագործակցության մասին, շատ բարդ է պատկերացնել համագործակցություն այնպիսի իրավիճակում, երբ հարեւան երկիրդ անցյալ տարվա աշնանը սանձազերծել է անմարդկային պատերազմ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնակչության դեմ, այժմ պահում է հայ ռազմագերիներին՝ գերեվարված ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո, բեմականացնում է նրանց դեմ շինծու դատական գործընթացներ եւ նույնիսկ ներխուժել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք այս տարվա մայիսին:

Ավելին, ապշեցուցիչ էր տեսնել Ադրբեջանի նախագահ Ալիեւի եւ Թուրքիայի առաջին տիկնոջ զրույցի տեսանյութը, որում քննարկվում է գերեվարված հայ քաղաքացիների հարցը եւ Թուրքիայի առաջին տիկինը Ալիեւին հարցնում է՝ դեռ կա՞ն գերիներ, ապա խորհուրդ տալիս վերադարձնել նրանց մաս առ մաս կամ փուլերով:

Տեսանյութը հստակ ապացույց է, որ բոլոր հայ գերիները պատանդ են Ադրբեջանում՝ քաղաքական սակարկությունների եւ առեւտրի համար: Այդ պատճառով գերիների բոլոր դատավարությունները պարզապես բեմադրված են, իսկ ձերբակալությունները՝ նրանց հանդեպ արգելված պատժամիջոց: Իրականում սրանով Ադրբեջանի իշխանությունները փորձում են մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը:

Այսօր մենք իսկապես պետք է խոսենք Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, ներառյալ երկաթուղիները, փոխարենը Ալիեւը հավակնում է Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասին՝ իբրեւ միջանցքի, որը կկապի Ադրբեջանը Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ: Միջանցքը կապ չունի ճանապարհների եւ երկաթուղիների ապաշրջափակման հետ, դա մի հարց է, որը երբեք չի քննարկվել եւ քննարկվելու, փոխարենը շահարկվում է Ադրբեջանի ավտորիտար նախագահի կողմից, այդ թվում՝ ներքին օգտագործման համար: Իրականում ներխուժումը Հայաստանի Հանրապետություն հենց այն հատվածով, որն ամենանեղն է, երկմտանքի տեղիք չի տալիս ներխուժման դրդապատճառների վերաբերյալ:

Պատերազմն ավարտվել է 2020-ի նոյեմբերի 9-ին` եռակողմ հայտարարության ստորագրմամբ: Հայտարարության մեջ ավելի քան հստակ ասվում է, որ բոլորը գերիները եւ պահվող անձինք պետք է փոխանակվեն անհապաղ եւ առանց որեւէ նախապայմանի: Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունը: Եվ այս հարցը անհապաղ պիտի հասցեագրենք բոլոր ներկաներս: Սա անկասկած Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության կողմից ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլ է, որով մենք կմերժենք ուժի օգտագործումը կամ ուժի օգտագործման սպառնալիքը` որպես հակամարտությունների լուծման միջոց՝ համապատասխանեցնելով մեր խոսքերն ու գործողությունները:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ համանախագահող պետությունների ղեկավարներին` իրենց ջանքերի համար, ինչպես նաեւ Վրաստանին` հայ գերիներին հայրենիք վերադարձնելուն վերջերս ցուցաբերած աջակցության համար»,-ասել է Հռիփսիմե Գրիգորյանը»: