Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտաքին հետախուզության ծառայության խնդիրը մեր պետությանը սպառնացող արտաքին վտանգների կանխատեսումն է․ Նազելի Բաղդասարյան

Արտաքին հետախուզության ծառայության խնդիրը մեր պետությանը սպառնացող արտաքին վտանգների կանխատեսումն է․ Նազելի Բաղդասարյան
Հարցազրույց
11:49, 04 октябрь 2023
Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) պետի պաշտոնում Քրիստիննե Գրիգորյանին նշանակելու որոշումն ու մանրամասնել, թե ծառայությունն ինչ գործառույթներ է իրականացնելու։ 

- Տիկին Բաղդասարյան, վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել Քրիստիննե Գրիգորյանին Արտաքին հետախուզության ծառայության պետ նշանակելու մասին: Այս նշանակմամբ իրականություն է դառնում Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը: Ի՞նչ գործառույթներ է իրականացնելու այս ծառայությունը: 

- Ծառայության հիմնական խնդիրը մեր պետությանն ու հասարակությանը սպառնացող արտաքին վտանգների եւ հնարավորությունների կանխատեսումն է, եւ քաղաքական որոշումներ կայացնողներին այդ մասին վստահելի, արժանահավատ և կիրարկելի հետախուզական տեղեկությունների տրամադրումը, որոնք կունենան կիրառական նշանակություն՝ հնարավոր վտանգները կառավարելու, կանխարգելելու եւ առկա մարտահրավերներին դիմակայելու տեսակետից: 

Ըստ էության սա մի գործառույթ է, որ իրականացնում է ցանկացած երկրի արտաքին հետախուզական ծառայություն: Պետք է նշեմ նաեւ, որ ծառայությունը քաղաքականապես չեզոք մարմին է, եւ կոչված է ծառայելու բացառապես պետության շահերին:  ԱՀԾ-ն նաեւ սերտորեն համագործակցելու է Հայաստանի Հանրապետության հետախուզական գործառույթ ունեցող մյուս մարմինների ու դերակատարների հետ, Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության ու անվտանգության ամրապնդման համար։ Այս նպատակով ԱՀԾ-ն նաեւ միջազգային գործընկերների հետ համագործակցություն կհաստատի: 

- Իսկ ինչով է պայմանավորված ծառայության ձեւավորումը հենց ընթացիկ շրջանում: Ինչու՞ հատկապես հիմա: 

- Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը նախատեսված է ՀՀ կառավարության գործունեության ծրագրում։ Նոր ծառայության ստեղծումը անվտանգության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ռազմավարական բարեփոխումների կարևոր մաս է։ Ծառայության մասին օրենքն ընդունվել եւ ուժի մեջ է մտել դեռեւս 2022 թվականի դեկտեմբերին, այսինքն՝ ծառայության ստեղծումը բնականոն գործընթացի արդյունք է: Նախորդող ինն ամիսների ընթացքում Կառավարությունը հետևողականորեն նախապատրասվտել է ծառայության հիմնադրման գործնական մեկնարկը տալու համար: 

- Իսկ ներկայումս ծառայությունը տեղակայման վայր ունի՞, քաղաքացիները այնտեղ աշխատանքի ընդունվելու համար ու՞մ պետք է դիմեն: 

- Օրենքը Ծառայության պետի նշանակումից հետո նախատեսում է որոշակի ժամանակահատված ինստիտուցիոնալ ձևավորման, այդ թվում՝ տեղակայման, ինչպես նաև Ծառայության գործառնական հարցերը կարգավորող ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար։ Ծառայությունը ֆունկցիոնալ դառնալուն պես նշված հարցերը կունենան պատասխաններ և անհրաժեշտ տեղեկությունը կտրամադրվի լրացուցիչ։ Իհարկե, ծառայության լիարժեք կայացման համար երկար ժամանակ հարկավոր կլինի: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում