Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտում Իրանի ներքաշումը քիչ հավանական է. եթե հակամարտությունը գլոբալ ծավալներ ընդունի՝ մուսուլմանական աշխարհը կմիավորվի ընդդեմ Իսրայելի, այդ թվում՝ Թուրքիան

Իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտում Իրանի ներքաշումը քիչ հավանական է. եթե հակամարտությունը գլոբալ ծավալներ ընդունի՝ մուսուլմանական աշխարհը կմիավորվի ընդդեմ Իսրայելի, այդ թվում՝ Թուրքիան
Հարցազրույց
18:33, 09 октябрь 2023
Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայելի վրա հարձակումից հետո աշխարհի ուշադրությունը կրկին սևեռվեց այդ կոնֆլիկտի վրա։ Ի՞նչ զարգացումներ այն կարող է ունենալ, ինչպե՞ս այն կարող է անդրադառնալ Հրվ. Կովկասի վրա, Իրանի՝ հետևաբար նաև Հայաստանի վրա, և ինչպե՞ս այն կարող է կրկին սառեցվել։

Civic.am-ի զրուցակիցը արևելագետ Արմեն Պետրոսյանն է։ 

«Չնայած միշտ էլ կանխատեսելի են եղել այդ հարվածների հնարավոր հետևանքները, բայց միշտ էլ նման բախումներ եղել են»,- ասաց Պետրոսյանն ու հիշեցրեց, որ վերջին նման բախումը եղել է անցած մայիսին. «Դա իսլամական «Ջիհադ» խմբավորման և Իսրայելի բախումն էր։ «Ջիհադը» օժանդակություն է ստանում Իրանից, ՀԱՄԱՍ-ի դեպքում կա Կատարի և Թուրքիայի հովանավորությունը։ Էս գործողության տարբերակը՝ ի տարբերություն մյուսների, ամենալավ պատրաստվածն էր, հետո ամենակորստաբերը Իսրայելի համար։

Պարզ է, որ Իսրայելի պատասխանն էլ ավելի կոշտ է լինելու։ Միշտ այդպես է՝ Իսրայելի պատասխանը բազմապատիկ ավելի մեծ է լինում։

Իսրայելը նպատակ ունի կոտրել ՀԱՄԱՍ-ի դիմադրողական հնարավորությունները Գազայի հատվածում։ Թե որքանով կհաջողվի՝ դժվարանում եմ ասել, բայց ակնհայտ է, որ նրանց հարվածները զգալի վնաս են հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Պարզ է, որ միջազգային հանրության միջամտություն է անհրաժեշտ՝ Իսրայելի հետագա քայլերը զսպելու համար»։

Միաժամանակ, Պետրոսյանը նկատեց, որ Իրանը ՀԱՄԱՍ-ին օժանդակում է տեխնոլոգիաներով, և նրան հաջողվել է Իսրայելին շրջապատել իր պրոքսի ուժերով։ Եվ երբ Իսրայելն էլ փորձում է նույնը անել Իրանի շուրջ, օրինակ՝ Ադրբեջանի միջոցով, Իրանը դա շատ սուր է ընդունում։ 

Թուրքիայի հետաքրքրությունը Պետրոսյանը կրոնական համարեց։ «Պաղեստինյան խնդիրը համամուսուլմանական խնդիր է։ Մինչև 2021-2022 թվականները, երբ խիստ լարված էին հարաբերությունները, Թուրքիան երևի թե ամենակոշտն էր արձագանքում Իսրայելի գործողություններին՝ դիվանագիտաքարոզչական տիրույթում, իսկ այս իրադարձությունները ցույց տվեցին, որ Թուրքիայի հռետորաբանությունը շատ է փոխվել, չնայած պահանջները նույնն են մնացել՝ պետք է ստեղծվի Պաղեստին պետություն՝ 1967 թվականի սահմաններով»,- ասաց Պետրոսյանը։

Ըստ Պետրոսյանի՝ բոլորն էլ այն կարծիքին են, որ Պաղեստինի տարածքում պետք է ստեղծվի 2 պետություն՝ Պաղեստին և Իսրայել, որին ընդդիմանում է Իսրայելը, իսկ Միացյալ Նահանգները աջակցում է Իսրայելին միայն պաշտպանվելու տեսանկյունից և կիսում է տեսակետը, որ այդ տարածքում 2 պետություն պետք է ստեղծվի։ 

Անդրադառնալով շրջանառվող վարկածներին, թե Իսրայելը հատուկ է թողել, որպեսզի ՀԱՄԱՍ-ը հաջող հարձակում գործի իր տարածքի վրա՝ հետագայում լեգիտիմ հիմք ունենալու համար հակաահաբեկչական գործողություններ անելու և ՀԱՄԱՍ-ը վերացնելու, Պետրոսյանն ասաց, որ դա հնարավոր տարբերակ է՝ հաշվի առնելով իրավիճակն աշխարհում, և այն խաղացողները, ովքեր տարբեր նպատակներ ունեն, օգտվում են այդ իրավիճակից, ինչպես դա արեց Ադրբեջանը։ Իսրայելի նպատակն էլ վերջնականապես Պաղեստին պետության ստեղծման հնարավորության վերացումն է, իսկ դրա համար պետք է կոտրել դիմադրության օջախները։ Կհաջողվի, թե չէ՝ Պետրոսյանը դժվարացավ ասել։

Հակամարտության ակտիվ փուլը, ըստ արևելագետի, կարող է ավելի երկար տևել՝ ամիս, ամսից ավելի, եթե ցամաքային գործողություններ լինեն, իսկ այդպիսի նախադրյալներ Պետրոսյանը տեսնում է։  

Ինչպե՞ս դա կանդրադառնա մեր տարածաշրջանի և Հայաստանի վրա։ Ըստ Պետրոսյանի՝ եթե հնարավոր եղավ Իրանին ներքաշել տարածաշրջանային պատերազմի մեջ, ապա, միանշանակ, կանդրադառնա Հայաստանի վրա։ «Բայց այս պահին, կարծես, այնքան էլ մեծ չէ դրա հավանականությունը։ Բայց բացի դրանից էլ, կարող է անդրադառնա Հայաստանի վրա, որովհետև, գիտենք, վերջին հումանիտար աղետը Արցախից բռնի տեղահանվածների հարցն էր, որոնց միջազգային հանրությունը տարաբնույթ աջակցության խոստումներ էր տվել, իսկ հիմա ավելի մեծ հումանիտար աղետ է հասունանում՝ ի դեմս Գազայի հատվածի, և միջազգային հանրության ջանքերը կարող են տեղափոխվել այդ կողմ, ինչից, բնականաբար, մենք տուժելու են»,- ասաց Պետրոսյանը։

Կարո՞ղ է արդյոք կոնֆլիկտը գլոբալ մասշտաբներ ստանալ։ Ըստ Պետրոսյանի՝ եթե դա այդպես լինի, մուսուլմանական աշխարհը կմիավորվի Իսրայելի դեմ, այդ թվում՝ Թուրքիան։ 

Վովա Հակոբյան