Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարծում եմ՝ Շահրամանյանի հայտարարության նպատակը Երևանում Արցախի «վտարանդի իշխանություն» ձևավորելն է. դա շատ ռիսկային է և Հայաստանի համար՝ չափազանց վտանգավոր. Վահրամ Աթանեսյան

Կարծում եմ՝ Շահրամանյանի հայտարարության նպատակը Երևանում Արցախի «վտարանդի իշխանություն»  ձևավորելն է. դա շատ ռիսկային է և Հայաստանի համար՝ չափազանց վտանգավոր. Վահրամ Աթանեսյան
Հարցազրույց
19:42, 20 октябрь 2023
Սամվել Շահրամանյանը այսօր Երևանում ԼՂ ներկայացուցչության դիմաց հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որոնք հարցեր են առաջացրել հանրության ու քաղաքագիտական որոշ շրջանակների մոտ։ Թեմայի շուրջ Civic.am-ը զրուցել է ԼՂ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։

- Պարոն Աթանեսյան, Սամվել Շահրամանյանը այսօր հայտարարել է, որ «ունենք ևս մեկ հայրենիք՝ Հայաստանը, որի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք»: Ըստ Ձեզ՝ ի՞նչ նկատի ունի նա, և ինչո՞վ են նրա հայտարարությունները վտանգավոր լինելու Հայաստանի համար։

- Դժվար և անշնորհակալ գործ է ենթադրություններ անելը: Բայց և մեծ երևակայություն է պետք՝ հավատալու համար, թե ընդամենը քսան օր պաշտոնավարած անձը տիրապետում է գաղտնիքների, որոնց հրապարակել-չհրապարակելուց է կախված Հայաստանի անվտանգությունը: Իսկ եթե այդպես է, ինչո՞ւ է նա Հանրային հեռուստատեսությանը հարցազրույց խոստացել՝ ինչպես ինքը տեղեկացրեց: Ի՞նչ պիտի ասի եթերում, որ մարդկանց ներկայությամբ չի ասում:

- Շահրամանյանը հայտարարել է. «ԼՂՀ-ն լուծարված չի, այստեղ կա՞ մարդ, որ այդ փաստաթուղթը կարդացել է: Այդ փաստաթղթի հետ կապված շատ հարցեր կան, որոնց մասին ես այստեղ չեմ կարող խոսել»։ Ի՞նչ հարցերի մասին է  խոսքը։ Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է, որ նա ստորագրած չլինի դրա տակ, որովհետև քաղաքացիներից մի քանիսը, ովքեր փակ հանդիպում են ունեցել նրա հետ, ասել են, որ ըստ Շահրամանյանի՝ ինքը չի ստորագրել։ 

- Այո, այդ փաստաթուղթը ոչ ոք չի կարդացել, բայց ինչո՞ւ: Նախագահի հրամանագիրը, նրա բովանդակությունից անկախ, ենթակա է հրապարակման: Ի՞նչ է նշանակում՝ ես այստեղ խոսել չեմ կարող: Նա նախագահ է, հրամանագիր ստորագրելուց առաջ Գերագույն դատարանի, Սահմանադրական ատյանի դատավորների հետ խորհրդակցե՞լ է: Տպավորություն է, որ Սամվել Շահրամանյանը քաղաքական ենթատեքստ ունեցող հայտարարություն է արել: Նպատակը, կարծում եմ, Երևանում Արցախի «վտարանդի իշխանություն» ձևավորելն է: Դա շատ ռիսկային է և Հայաստանի համար՝ չափազանց վտանգավոր: Առայժմ այսքանը կարող եմ ասել: 

- Շահրամանյանի խոսքով՝ եթե այդ փաստաթուղթը չլիներ, ապա ադրբեջանցիները մորթելու էին արցախցի ժողովրդին։ Դա չի՞ նշանակում, որ ՌԴ-ն ևս Արցախի ժողովրդի դեմ է եղել և հրաժարվել է երաշխավորել արցախահայերի անվտանգությունը։

- Եկեք հիշենք դեպքերի ժամանակագրությունը. պատերազմը դադարել է սեպտեմբերի 20-ին, ԼՂՀ լուծարման մասին հրամանագիրը ստորագրվել է ութ օր անց: Միջակայքում բենզալցակայանի պայթյունի դեպքն է, որ տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին: Հրդեհաշիջման և անհետաձգելի փրկարարական աշխատանքներին ներգրավվել են նաև ադրբեջանական ուժեր: Այսինքն՝ այդ պահի դրությամբ Ստեփանակերտից մարդիկ արդեն զանգվածաբար բռնագաղթում էին, ի՞նչ կոտորածի մասին է խոսքը: Ալիևն այդքան դիլետանտ չէ, որ ՊԲ-ն զինաթափելուց և կազմալուծելուց հետո թույլ տար հայ խաղաղ բնակչության զանգվածային սպանդ կազմակերպել: 

- Ընդհանրապես ՌԴ-ի դերը այդ փաստաթղթի ընդունման հարցում ինչպիսի՞ն էր։ 

- Չեմ կարող գնահատել, դա ականատեսները և գործընթացի մասնակիցները կարող են ասել: Նրանք Երևանում են, թող խոսեն:

- Պարոն Աթանեսյան, ըստ Ձեզ՝ ինչպե՞ս է ստացվել, որ Ադրբեջանը թույլ է տվել Շահրամանյանին տեղափոխվել Հայաստան։ 

- Ես շատ ուրախ եմ, որ Սամվել Շահրամանյանը Երևանում է: Մնացածը ինքը կասի, կարծում եմ: Սովոր չեմ տեղեկացված չլինելով՝ առերևույթ կասկածներ հնչեցնել: Ի վերջո, գործող ոչ մի պաշտոնյա Ադրբեջանի կողմից չի առևանգվել՝ ԱԺ խոսնակ Դավիթ Իշխանյանից բացի: Նրան, հավանաբար, ձերբակալել են որպես ՀՅԴ Բյուրոյի անդամի: Ենթադրում եմ:

- Արցախի հարցը արդյոք վերջնականապես փակվա՞ծ է, և ի՞նչ է պարտավոր անել արցախահայերի ղեկավարությունը։

- Վերսկսել Բաքվի հետ երկխոսությունը: Մյուս քայլերը կբխեն այդ քննարկումների արդյունավետությունից կամ ոչ արդյունավետությունից:

Դավիթ Լևոնյան