Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը մեզ «նվերներ» է տալիս, որը կարող ենք օգտագործել քաղաքական դաշտում, աշխարհը պետք է տեսնի, որ արցախցու՝ Ադրբեջանի կազմում ապրելն անհնար է․ Սուրեն Մանուկյան․ տեսանյութ

Civic.am-ի զրուցակիցն է Երևանի պետական համալսարանի ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և ուսուցման ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը։

-Պարոն Պանուկյան, այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի երկրորդ օրն է, քննարկվում էր նաև մշակութային արժեքների ցեղասպանության հարցը, կմանրամասնե՞ք ինչ կանխարգելման մեթոդներ եք քննարկում։ 

-Մշակութային ցեղասպանությունը ցեղասպանության բաղկացուցիչ մաս է, որովհետև ցեղասպանությունը դա խմբի ոչնչացմանն ուղղված գործողություն է։ Իսկ խմբերը մեծամասամբ դեպքերում մշակութային արժեքների շուրջ միավորված մարդիկ են։ Եվ այս առումով, երբ ոճրագործը ոչնչացնում է մշակութային արժեքը, ոչնչացնում է մշակութային ժառանգությունը՝ պարզ է, որ հիմնական մտադրությունն այդ խմբի ոչնչացումն է և դա ցեղասպանության նշան է։ Այս առումով շատ կարևոր է ուսումնասիրել նաև մշակութային արժեքների թիրախավորումը, որովհետև սա ամենակարևոր կռվաններից է, ապացույցներից է, որ հարձակվող խումբը նախաձեռնում է և իրականացնում է ցեղասպանություն։ Մշակութային ցեղասպանությունը դա իրավական ընկալմամբ ցեղասպանության առաջին նախանշանն է։ Երբ մենք տեսնում ենք թե ինչ է կատարվում Արցախից օկուպացված շրջաններում գտնվող ժառանգության հետ, հասկանում ենք, որ մտադրություն կա ցեղասպանության։ Ինչ անել, բոլորն այդ հարցն են տալիս՝ նախ և առաջ բարձրաձայնել։ Այստեղ մեդիայի և փորձագետների դերն է շատ կարևոր, միասին աշխատելով պետք է այդ թեման բարձրաձայնեն։ Եթե մենք կարողանանք այս թեման դարձնենք համաշխարհային թեմա, շատ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանն ու Թուրքիան ավելի զգուշավոր կվերաբերվեն հայկական մշակութային ժառանգությանը։ Մենք խոսում ենք, երբ հերթական եկեղեցին է քանդվում, կամ վերածվում մզկիթի, այնինչ դա պետք է անել նախքան վերելը՝ 24 ժամ ռեժիմով և մենք ունենք Սփյուռքի այդ ներուժը, որը ցավոք այդքան ակտիվ չենք օգտագործում։

-Լրագրողական արշավից զատ, քաղաքական դաշտում ի՞նչ քայլեր պետք է իրականացվեն։ Մենք բոլորս գիտենք, որ Նախիջևանում նույնիսկ հայկական խաչքարերը, գերեզմանները ոչնչացվեցին և աշխարհը չընդդիմացավ դրան։

-Որովհետև մենք հետևողական չէինք, մենք Հայաստանում 1-2 կոնֆերանս կազմակերպեցինք, բայց ոչ մի բան չարեցինք։ Այն ժամանակ էլ Հայաստանի իշխանություններն այդ հարցը չդարձրեցին համաշխարհային քննարկման թեմա։ Այնինչ հենց Նախիջևանի  խաչքարերի ոչնչացման հաջորդ օրվանից սկսած բոլոր միջազգային հանդիպումներում մեր բոլոր պատվիրակությունները պետք է թմբկահարեին այդ թեման։ Կոպիտ ասած, պետք է ասեին՝ մենք ոչ մի քննարկման չենք մասնակցելու մինչև գնահատական չտրվի։ Այդ ժամանակ մենք այն մտայնությունն ունեինք, որ հաղթել ենք, ոչինչ այս մի բանն էլ տեղի կունենա, մեծ բան չենք կորցնում։ Բայց հիմա հասկանում ենք ինչքան սխալ էր այն ժամանակվա քաղաքականությունը, որովհետև դրա պտուղները մենք քաղում ենք այսօր։ Եվ երբ հիմա մենք խոսում ենք Նախիջևանի խաչքարերի ոչնչացման մասին, շատերն ասում են՝ ինչի եք խոսում 15 տարի հետո, մենք 15 տարի ձեզնից արձագանք չենք լսել։

Ադրբեջանը 27 տարի ամբողջ աշխարհին՝ բոլոր հանդիպումներում, պնդում էր, որ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի 20 տոկոսը և իրենք ունեն 1մլն փախստական, որոնք բացահայտ սուտ թեզեր էին։ 1մլն փախստական երբևիցե չի եղել հայկական տարածքներից հեռացող, ոչ էլ 20 տոկոս օկուպացիա։ Բայց երբ դու 27 տարի կրկնում ես նույն թեզը, ինչ-որ մի պահի աշխարհն ընկալում է, որպես բացարձակ ճշմարտություն։ 

-Ի՞նչ քայլեր պետք է մենք ձեռնարկենք, որ Արցախում գտնվող մեր պատմամշակութային ժառանգությունը հանդիսանա որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն և ըստ այդմ վստահ լինենք, որ այն կպահպանվի։

-Մեր այսօրվա երկակի իրականության դարում շատ հեշտ է կեղծել նաև պատմությունը, ճշմարտությունը։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի նախագահը հանձնարարեց իր պատմաբաններին գրել մի պատմություն, որտեղ հայերը չեն լինի, կամ հանձնարարեց ջնջել եկեղեցիների հայկական գրություններն ու ավելացնել արաբատառ գրություններ։ Նախ և առաջ պետք է փաստագրել ինչ-որ ունենք, փառք Աստծո այն փաստագրված է լուսհագոի Սամվել Կարապետյանի կողմից, ով մետր առ մետր ամբողջ տարածքը փաստագրել, լուսանկարել է և թողել է այդ ժառանգությունը։ Օրինակ ցեղասպանագետների միջազգային ընկերակցության գիտաժողովին մի կանադացի գիտնական կար, որը պատրաստվում էր ստեղծել հայկական հուշարձանների վիրտուալ քարտեզ։ Ցավալի է, այս թեման ցեղասպանագետներին շատ է հետաքրքրում, իրենք տեսնում են ցեղասպանական վտանգ։ Մենք կարող ենք այդ մարդկանց բերել Հայաստան, ծանոթացնել, տեղեկատվություն տրամադրել, որպեսզի իրենք գնալով իրենց համալսարաններ, իրենց երկրներ դառնան մեր դեսպանները և կբարձրաձայնեն այդ թեման։ 

Այստեղ նաև պատմության կեղծման դեմ է պայքար պետք, և մեր գիտական հանրույթը պետք է լծվի նոր ձևի՝ թվային տեղեկության ստեղծմամբ։ Պետք է թվայնացնենք մեր պատմությունը։ 

-Դուք նաև Հայոց ցեղասպանության ինստիտուտում եք աշխատում, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձեց Դադիվանքը ցույց տալ որպես ուտիական հոգևոր կառույց, նույնիսկ հոգևարական էր գտել։ Թանգարան-ինստիտուտը դա հերքելուն ուղղված քայլեր ձեռնարկե՞ց։  

-Ցեղասպանության թանգարանը 44-օրյա պատերազմից հետո շատ մեծ բաժին է նվիրել Արցախի խնդրին, արդեն 2 հոդված ունենք հրապարակված միջազգային ճանաչում ունեցող պարբերականներում։ 

-Հիմա մենք փորձելու ենք Ադրբեջանին ստիպել, որ չիրականացնի մշակութային ցեղասպանություն, բայց հայերն են կանգնած ցեղասպանության վտանգի առջև ինչպես նշեց վարչապետը։ Ինչպե՞ս է դա կանխարգելվելու։ 

-Չգիտեմ այսօր Հայաստանը հնարավորություն ունի՞ ռազմական պատասխան տալու։ Բայց քաղաքական պատասխան կարելի է տալ։

Այսօր մենք մեծ շանս ունենք ցույց տալ աշխարհին, որ վերջապես աշխարհը տեսնի, որ արցախցու՝ Ադրբեջանի կազմում ապրելն ուղղակի անհնար է։ Ադրբեջանը մեզ օր-օրի «նվերներ» է տալիս քարոզչական՝ տեղեկատվական, որը մենք կարող ենք օգտագործել քաղաքական դաշտում։ Օրինակ՝ Կոսովոյի, Հարավային Սուդանի, Արևելյան Թիմորի անկախությունը տեղի ունեցավ անջատում հանուն փրկության սկզբունքի հիման վրա, այսինքն այս մարդիկ անջատվեցին, որպեսզի չբնաջնջվեն։ 

Նարա Մարտիրոսյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում