Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լաչինի միջանցքի փակման փորձերը Ադրբեջանի կողմից տարվող էթնիկ զտումների քաղաքականության վառ դրսևորումներից է․ Միրզոյանը՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին

Լաչինի միջանցքի փակման փորձերը Ադրբեջանի կողմից տարվող էթնիկ զտումների քաղաքականության վառ դրսևորումներից է․ Միրզոյանը՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին
Քաղաքականություն
19:10, 12 декабрь 2022
Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուին. այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու հատուկ խորհրդականի գրասենյակի միջև առկա շարունակական համագործակցության կապակցությամբ, որն ուղղված է ցեղասպանությունների կանխարգելմանը և այլատյացության ու խտրականության դեմ գլոբալ պայքարի խթանմանը: Այս առումով կարևորվել է Հայաստանի կողմից նախաձեռնված և երկու տարին մեկ Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ներկայացվող «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը։

Արարատ Միրզոյանը և Ալիս Վաիրիմու Նդերիտուն մտքեր են փոխանակել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» չորրորդ Գլոբալ ֆորումի վերաբերյալ, որն այս տարի նվիրված է ցեղասպանությունների կանխարգելմանը նոր տեխնոլոգիաների համատեքստում: Ընդգծվել է ֆորումի անցկացման կարևորությունը` հաշվի առնելով, որ նոր տեխնոլոգիաները կարող են նպաստել ցեղասպանության և այլ հանցագործությունների կանխարգելմանը, բայց միևնույն ժամանակ օգտագործվել որպես գործիք` նոր ոճրագործությունների իրագործման համար: 

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է, որ տարածաշրջանում հայ ժողովուրդը շարունակում է բախվել գոյաբանական վտանգների: Նա անթույլատրելի է համարել Ադրբեջանի քաղաքական ամենաբարձր մակարդակով իրականացվող ինքնության վրա հիմնված ատելության հրահրումը, ինչը մեծապես խաթարում է տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատման ջանքերը: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման փորձերին՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ դա Ադրբեջանի կողմից տարվող էթնիկ զտումների քաղաքականության վառ դրսևորումներից է: