Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանում հասկանում են, որ միջազգային դերակատարներին խաբել հնարավոր չէ․ փորձում են Արցախի հանդեպ իրավունքների իրացման նախադեպեր ստեղծել. քաղաքագետը՝ ադրբեջանական մեքենայով ուշաթափված արցախցի կանանց Ստեփանակերտ տեղափոխելու մասին

Ադրբեջանում հասկանում են, որ միջազգային դերակատարներին խաբել հնարավոր չէ․ փորձում են Արցախի հանդեպ իրավունքների իրացման նախադեպեր ստեղծել. քաղաքագետը՝ ադրբեջանական մեքենայով ուշաթափված արցախցի կանանց Ստեփանակերտ տեղափոխելու մասին
Հարցազրույց
17:30, 06 апрель 2023
Լաչինի միջանցքում տեղի ունեցած վերջին միջադեպի, այսօր սպասվող Լավրով-Չավուշօղլու հանդիպման և Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ։

- Պարոն Բադալյան, տեղյակ եք, որ Լաչինի միջանցքում տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ արցախցի մեր հայրենակիցները իրենց վատ են զգացել, և ադրբեջանցիները փորձել են նրանց տեղափոխել Շուշի, ապա ադրբեջանական մեքենայով տեղափոխել են Ստեփանակերտ. ի՞նչ է ուզում Բաքուն ցույց տալ այս ամենով։

- Մեծ հաշվով սա այն տրամաբանության շրջանակում է, որ Ադրբեջանի քաղաքականության առանցքում է. տվյալ պարագայում եթե խոսենք Արցախի հանդեպ քաղաքականության մասին, ապա Ադրբեջանը փորձում է ամենատարբեր հնարավորությունները և ուղղություններն օգտագործել, այսպես ասեմ, իր իրավունքների իրացման նախադեպեր ստեղծելու համար, և մեծ հաշվով  այդ դրվագները, այն հատվածը, որի մասին նշեցիք, այս տրամաբանության շրջանակում է։

- Գուցե ուզում են միջազգային հանրությանը ցույց տալ, թե իբր մտահոգ են արցախցիների համար և պատասխանատվություն են պատրաստ կրել։  

- Ես չեմ կարծում՝ թատրոն ցուցադրելու նպատակ կար։  Այս տեսանկյունից մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը թատրոն խաղալու մտադրություն չունի, իհարկե հռետորաբանության մեջ, հայտարարություններում ասում են, թե իբր կապահովեն և այլն, բայց գործով իրենք ամենևին չեն հետապնդում ինչ-որ թատերական բեմականացումներով մարդասիրություն ցույց տալու նպատակ։ Առավել ևս կարծում եմ՝ շատ լավ հասկանում են, որ  միջազգային քաղաքական առանցքային դերակատարներին հազիվ թե լինի խաբելու հնարավորություն կամ նույնիսկ խնդիր, պարզապես Ադրբեջանը փորձում է ստեղծել Արցախի հանդեպ իր իրավունքների, բնականաբար իրենց տեսանկյունից, իրականացման նախադեպեր և փորձում է օգտագործել ցանկացած հնարավորություն կամ ստեղծել այդպիսի ամենափոքր հնարավորությունն անգամ այդ պատկերը ստանալու համար։  

- Այսօր կայանալու է Չավուշօղլուի ու Լավրովի հանդիպումը․ օրակարգում է նաև Հարավային Կովկասում տրանսպորտային երթուղիների բացման և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցը. ի՞նչ սպասենք դրանից։ 

- Այդ քննարկումները և օրակարգերը բոլորովին նոր չեն, և ռուս-թուրքական կամ ավելի բազմակողմ հանդիպումներ տեղի են ունենում առնվազն վերջին երկու տարում։ Այս տեսանկյունից որևէ նոր բան չկա. խնդիրն այն է, թե կլինե՞ն արդյոք նոր պայմանավորվածություններ, որոնք կհայտնվեն իրականացման փուլում, և եթե մենք ունենք մտահոգություններ, ապա կարո՞ղ ենք ունենալ այստեղ, այսինքն՝ արդյոք կլինե՞ն պայմանավորվածություններ, որոնք կներառեն նաև մեր շահերը  և խնդիրները, բայց ոչ դրական իմաստով։ Հիմա մենք տեսնում ենք, որ կողմերի ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է Սիրիայի շուրջ քառակողմ հանդիպում կազմակերպելու վրա  և  հնարավոր է (նաև  Չավուշօղլուն ազդարարեց, որ սպասում է ՌԴ-ի հրավերին), որ կազմակերպվի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպում՝ ՌԴ, Իրան, Սիրիա և Թուրքիա։ Առանցքային մյուս հարցը մայիսի 14-ին Թուրքիայում սպասվող ընտրությունն է: Բնականաբար, ՌԴ-ի համար շատ անհրաժեշտ է Էրդողանի վերընտրությունը, որովհետև հակառակ պարագայում առաջանալու են նոր իրողություններ, դրանց ադապտացվելու խնդիրներ, որովհետև պարզ չէ, թե մյուս թեկնածուն ինչ քաղաքականություն կշարունակի վարել և այլն։ Նաև Իրանի համար անկասկած Էրդողանը առավել նախընտրելի է այս անկանխատեսելի իրավիճակում, և ես կարծում եմ՝ Մոսկվան ու Թեհրանը հնարավորության շրջանակում քննարկելու են այս հարցերը, և առհասարակ լայն ռեգիոնալ պայմանավորվածությունները այս կոնտեքստում են լինելու։ 

Պրոցեսներին, բնականաբար, Հայաստանը պետք է ուշադիր հետևի, Հայաստանը պետք է որոշակի իմաստով նաև ակտիվ ուշադրություն ցուցաբերի այն առումով, որպեսզի այս  քննարկումները պայմանավորվածությունների շրջանակում սակարկության առարկա չդառնան մեզ վերաբերող կենսական հարցերում։ Առավել ևս, եթե Սիրիայի մասին իրենք քննարկումներ են ունենում, այստեղ Հայաստանը ունի նաև ակտիվ ուշադրության որոշակի փաստարկային հիմք. գիտենք, որ ՀՀ-ն միացել է մարդասիրական առաքելությանը Սիրիայում, և Հայաստանը ունի այդ հնարավորությունը, և պետք է օգտագործել՝ կրկնեմ, թույլ չտալու համար, որպեսզի մեզ վերաբերող հարցերը ոչ դրական իմաստով դառնան սակարկության ենթակա։

- Խոսեցիք Թուրքիայում սպասվող ընտրություններից. այստեղ Հայաստանի համար ո՞ր ելքն է առավել ընդունելի՝ իշխանափոխությո՞ւն, թե՞ արդեն որոշակիորեն կանխատեսելի դարձած ներկա իշխանությունը, որի հետ բանակցություններում Հայաստանը որոշակի առաջընթաց է գրանցել։ 

-  Սա շատ բարդ հարց է Հայաստանի դեպքում միարժեք պատասխան տալու համար, որովհետև մեծ հաշվով ՀՀ-ի հանդեպ Թուրքիայի ռազմավարության փոփոխություն չի լինելու՝ անկախ Թուրքիայի նախագահի փոփոխությունից, և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պրոցեսը մեծ հաշվով ենթակա է Թուրքիա և երրորդ երկիր ուժային կենտրոնների հետ փոխհարաբերություններից. այստեղ իրողությունները այնքան բազմաշերտ ու բարդ են, որ ես կարծում եմ՝ մենք շատ սահմանափակ եզրահանգումների կարող ենք գալ։ Իհարկե, կարող ենք դիտարկել հնարավոր սցենարներ՝ Թուրքիայի ընթացիկ մարտավարական  վարքագիծը ավելի՞ կմեղմվի, թե՞ հակառակը: Այս ամենը, բնականաբար, պետք է լինի Հայաստանի ուշադրության կենտրոնում։   
Շատ հավանական է, որ Էրդողանը աշխարհի ուժային կենտրոններին այսօր բավարարող խաղացող է, և նրանցից յուրաքանչյուրը Էրդողանից ցանկանում է ստանալ իրեն անհրաժեշտը։

- Էրդողանը բողոքի նոտա էր հղել, երբ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հանդիպել էր ընդդիմության միասնական թեկնածուի հետ։

- Դիվանագետներն այդպիսի հանդիպումներ ունենում են, դա քաղաքականության մեջ ինչ-որ իմաստով ընթացիկ աշխատանք է, դրանք արտառոց դրսևորումներ չեն։ Դա կարող է լինել նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև պայմանավորվածությունների տակտիկա՝ Էրդողանին ինչ-որ պայմաններ թելադրելու համար։ Մենք տեսնում ենք, որ անգամ ընդդիմության այդ միասնական թեկնածուն, որ քեմալիստական կուսակցության առաջնորդն է փաստացի, այնքան էլ միասնական թեկնածու չէ. դա տեղի է ունեցել մեծ վերապահումով՝ վերջին պահին, և այո, Էրդողանը ունենալով լրջագույն խնդիրներ իր վարկանիշի անկման և ներքին խնդիրների առումով՝ այդուհանդերձ չունի այն մրցակիցը, որ կարող է Էրդողանի համար լրջագույն մրցակցություն ստեղծել, և բնականաբար արտաքին խաղացողները այդ իրողությունները հաշվի են առնում։

Գեղամ Ադյան