Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աղդամի մասին Միշելի հայտարարությունը Ադրբեջանի դիրքորոշումն է. խնդիրն այն է՝ Արցախը ունի՞ կապ ՀՀ-ի հետ, թե՞ չէ. Աղդամի դեպքում այդ կապը չի լինի, իսկ ՌԴ հայտարարությունը Ադրբեջանի կողմից իր կարմիր գծերին հասնելու մասին էր. քաղաքագետ

Շաբաթ օրը Բրյուսելում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Հանդիպումից հետո վերջինս հանդես եկավ հայտարարությամբ, որում, ի թիվս այլնի, Միշելը շեշտադրեց նաև Լաչինի միջանցքի ապաշրջափակման կարևորությունը, սակայն միաժամանակ իր խոսքում ԵՄ խորհրդի նախագահը նշեց նաև Ադրբեջանի կամքը՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղղությամբ։ Հայտարարության այս հատվածը բազմաթիվ քննարկումների, քննադատությունների առիթ դարձավ հայկական միջավայրում։ Բրյուսելում կայացած հանդիպման, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի կողմից հանդիպմանը նախորդած հայտարարության մասին Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Վահրամ Հովյանի հետ։

Քաղաքագետի կարծիքով՝ Աղդամի ուղղությունը շեշտելը եղել է Ադրբեջանի դիրքորոշումը, սակայն եթե Արցախի հայությունն այդ տարբերակը չընդունի, այն չի կարող կյանքի կոչվել։ «Խնդիրն այն է, թե Արցախը ունի՞ կապ Հայաստանի հետ, թե՞ չէ։ Աղդամի ուղղության դեպքում այդ կապը չի լինի։ Բացի դրանից, Ադրբեջանն իր գործողություններով վստահություն չի ներշնչել, որ իր կողմից, իր տարածքով տրամադրվող սննդամթերքը, դեղորայքը անվտանգ կլինեն, և դա հերթական լծակը չի լինի արցախահայության դեմ՝ Ադրբեջանի կողմից»,- ասաց Հովյանը։ 

Բրյուսելյան քննարկումից հետո Միշելը հայտարարեց նաև, որ էական առաջընթաց կա ճանապարհների ապաշրջափակման՝ հատկապես երկաթուղու գործարկման ուղղությամբ, սակայն «որոշ հարցեր շարունակում են բաց մնալ»։ Ի՞նչ բացերի մասին է խոսքը, եթե խոսվում է, որ կողմերը համաձայնության են եկել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, ճանապարհների իրավազորության հարցերում։ Ըստ Վահրամ Հովյանի՝ այդ հակասությունները կարող են պայմանավորված լինել մաքսատուրքերի վճարման, անցակետերում ստուգումների հետ կապված։ «Ադրբեջանը ձգտում է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանի վերահսկողությունը հնարավորինս քիչ լինի»,- ասաց Հովյանը։

Լաչինի միջանցքն ապաշրջափակելու «խիստ կոչով» դիմել է ՌԴ ԱԳՆ-ն, որն արել է բրյուսելյան հանդիպումից ժամեր առաջ։ ՌԴ-ն Ադրբեջանին կոչ է արել նաև վերականգնել էներգակիրների մատակարարումը «տարածաշրջան»։ 

Ըստ Վահրամ Հովյանի՝ Ադրբեջանն իր գործողություններով հասել է Ռուսաստանի շահերին, նրա կարմիր գծերին։ «Երկար ժամանակ թե՛ Ռուսաստանի, թե՛ միջազգային հանրության այլ դերակատարների կողմից որոշակիորեն հանդուրժողականության, թողտվության, աչք փակելու քաղաքականություն է վարվել Ադրբեջանի հանդեպ, վերջինս էլ օգտվել է այդ հանգամանքից։ Եթե ժամանակին ավելի խիստ լինեին, օրինակ՝ Փառուխի օկուպացման, հրադադարի խախտումների ժամանակ, ապա վիճակն այս օրին չէր հասնի, բայց այսպես արհեստական թողտվության արդյունքում վիճակը բարդացել է և հասել մի աստիճանի, որն արդեն վնասում է ՌԴ-ի շատ կարևոր շահերին։ Ի վերջո, եթե Արցախը սովի մատնվի կամ դատարկվի հայությունից, էդ դեպքում ռուս խաղաղապահների առաքելությունը էլ ո՞րն է լինելու։ Ադրբեջանը մոտենում է ՌԴ կարմիր գծերին»,- ասաց Հովյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան