Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե ինչ-որ մեկն էր կատարում այդ նախընտրական ծրագիրը, ապա ինչո՞ւ այդ մեկի այդ պաշտոնում այլևս չլինելուց հետո այդ ծրագրերը շարունակվեցին ավելի լայն թափով իրականացվել. ծրագրերն իրականացվում են թիմային աշխատանքով

Այսօր պաշտոնապես մեկնարկեց սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Արմեն Գալջյանն ասաց, որ իրենք մեծամասամբ իրականացրել են 2018-ի իրենց ծրագրերը, տված խոստումները։ «Մեր նախընտրական խոստումների ահռելի հատվածը իրականացրել ենք, և դրանց մի մասը, որպեզի ամբողջությամբ իրականացվի, պետք է առաջիկա տարիներին շարունակվի»,- ասաց Գալջյանը։ 

Ծագած նոր խնդիրները լուծելու համար, մասնավորապես՝ քաղաքի փոշին նվազեցնելու վերաբերյալ էլ նոր որոշումներ են կայացվել։ «Կառուցապատողները պարտավոր են նոր նորմեր պահպանել։ Դրանցից մեկն այն է, որ կառուցապատողները պետք է այնպես կահավորեն շինհրապարակը, որ տեխնիկան նորմերին համապատասխան մտնի և դուրս գա շինհրապարակ, բացի դրանից՝ պարտավորեցրել ենք շինարարներին ցանցապատել ամբողջ շինությունը, որպեսզի փոշին դուրս չգա փողոցներ և մայթեր»,- ասաց Գալջյանն ու նշեց, որ վերահսկողությունն իրականացնելու է Երևանի քաղաքապետարանը, որն ունի ուղիղ պարտականություն այդ գործառույթն իրականացնելու, նաև՝ խախտումների դեպքում արձանագրություններ կազմելու։

«Հուսահատության գազելներից» ազատվելուց հետո հաջորդ խնդիրը նոր ավտոբուսների՝ կանգառներին ավելի կարճ պարբերականությամբ մոտենալն է։ Այդ խնդիրը լուծելու համար «Քաղաքացիական պայմանագիրը» մտադիր է առանձնացնել ավտոբուսների համար նախատեսված գծեր՝ խցանումներից խուսափելու համար, բացի դրանից՝ պարկը համալրել նոր բարձրակարգ ավտոբուսներով։  

Անդրադառնալով «MAN» ավտոբուսների թանկարժեք լինելու մասին որոշ լրատվականների մեկնաբանություններին՝ Գալջյանն ասաց. «Կարծում եմ՝ մեր քաղաքացիները 30 տարի գազելի մեջ կռանալուց հետո արժանի են առաջիկա 15-20 տարիներին երթևեկել բարձրակարգ ավտոբուսներով, և եթե դա թանկ է, ապա դա արդարացված է, որովհետև թանկը համարժեք է լավ ապրանքին»։ 
Անդրադառնալով Հայկ Մարությանի և «Իմ քայլը» դաշինքի հարաբերություններին և խոսակցություններին, թե, օրինակ, աղբահանության, ավտոբուսների խնդիրը լուծել է Մարությանը, Գալջյանն ասաց. «Օրինակ՝ Հրաչյա Սարգսյանը, ով քաղաքապետի առաջին տեղակալն էր, այդ աշխատանքի ահռելի բաժինն էր կատարում։ Այսինքն՝ անհատականացնել ընդհանրապես պետք չէ։ Դա թիմային աշխատանք է, և մեկ միլիոնանոց քաղաքը կառավարել մեկ հոգով՝ հնարավոր չէ»։

Ո՞վ է պատասխանատու 2018-2021 թվականներին իրականացված և չիրականացված աշխատանքների համար՝ Մարությա՞նը, թե՞ «Քաղաքացիական պայմանագիրը»։ «Քաղաքացին ընտրել է քաղաքական թիմի։ Քաղաքացիները չեն ընտրում քաղաքապետ, ընտրում են ավագանի, թիմ, որը հետո ձևավորում է քաղաքապետարանի աշխատակազմը՝ սկսած քաղաքապետից, մինչև փոխքաղաքապետներ, և այդպես շարունակ, և ավագանու կողմից ձևավորած թիմն է իրականացրել դա։ Պարբերաբար փոխվել են փոխքաղաքապետներ, քաղաքապետներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ են փոխվել քաղաքապետարանում, բայց էն նախընտրական ծրագիրը, որը մենք ներկայացրել ենք 2018-ին՝ չի կանգնել. ավելին՝ այդ փոփոխությունները նպաստել են, որ այդ նախընտրական ծրագրի իրականացումն ավելի արագանա։ Հենց դա է փաստում, որ մարդիկ իրականում ընտրել են թիմ, և այդ թիմն էր իրականացնում այդ նախընտրական ծրագիրը։ Որովհետև եթե ինչ-որ մեկն էր իրականացնում այդ նախընտրական ծրագիրը, ապա ինչո՞ւ այդ մեկի այդ պաշտոնում այլևս չլինելուց հետո այդ ծրագիրը շարունակվեց և ավելի լայն թափով շարունակվեց»,- ասաց Արմեն Գալջյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան