Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այս որոշմանը ինքներս ծանր ենք հանգել, բայց սա ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն էր․ առաջացել էր ճգնաժամ ավագանու և քաղաքապետի ինստիտուտների միջև». «Իմ քայլը» խմբակցության ղեկավար

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, հրավիրվել է Երևանի ավագանու արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու օրենքի նախագիծը, որը նախաձեռնել է ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը:

Խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը մինչ բուն ասելիքին անցնելը՝ նախ շնորհակալություն հայտնեց Հայկ Մարությանին երեք տարիների կատարած աշխատանքի համար. «Ձեր ղեկավարման տարիներին ստեղծվել են մի քանի կարևոր հիմնարկներ, որոնք էական նշանակություն ունեն քաղաքի կառավարման տեսանկյունից: Նախընտրական խոստումները, որոնք ձեզ հետ միասին մենք տվել ենք, ինչ-որ չափով իրականացրել ենք, և ես վստահեցնում եմ, որ հաջորդ երկու տարիներին կշարունակեն իրականացվել»:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ Արմեն Գալջյանը նկատեց. «Այս որոշմանը մենք ինքներս ծանր ենք հանգել, բայց սա, կարծում եմ, ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն էր, որովհետև առաջացել էր ճգնաժամ ավագանու և քաղաքապետերի ինստիտուտների միջև: Ես շատ եմ ուզում, որ մենք այսօր անձնավորված որևէ ելույթ չունենանք, որովհետև Հայկ Մարության անձի նկատմամբ որևէ հակակրանք չկա, զուտ ինստիտուտների բախում է տեղի ունեցել, և ես ուզում եմ, որ մենք այդ շրջանակներում ելույթներ և քննարկումներ ունենանք»:

Նրա խոսքով՝ կուսակցությունից Հայկ Մարությանի դուրս գալը այս ճգնաժամի ստեղծման առիթ էր, որովհետև մեկ տարի է՝ այդ պայմաններում աշխատանքը տարվել է. «Սակայն այդ պատճառով ստեղծված իրավիճակը մեզ թույլ չի տա առաջիկա երկու տարիներին արդյունավետ աշխատել և ծառայել Երևանին»:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ իրենք Երևանի քաղաքապետի թեկնածու են առաջադրել քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին, որն այս պահին «Քաղպայմանագիր» կուսակցության անդամ չէ. «Սա վկայում է այն մասին, որ այս որոշմամբ կուսակցական խնդիր չի լուծվում, ընդամենը առաջիկա երկու տարիներին քաղաքի արդյունավետ կառավարման հարցն է լուծվում»:

Վերջինս վստահություն հայտնեց, որ իրենք կկարողանան պարոն Սարգսյանի գլխավորությամբ շարունակել Հայկ Մարությանի սկսած բարեփոխումները: Նա հավաստիացրեց, որ պարոն Սարգսյանը կկարողանա կրել առաջարկվող պատասխանատվությունը, քանի որ, որպես առաջին տեղակալ, շատ անգամ նաև քաղաքապետի պարտականություններն է կատարել:

Խոսելով արտահերթ ընտրությունների մասին՝ Արմեն Գալջյանը նշեց, որ դրա համար անհրաժեշտ էր քաղաքապետի հրաժարականը, իսկ այս պահին քաղաքապետը հրաժարական չի ներկայացրել. «Երկրորդ սցենարն այն էր, որ ավագանին 3 ամիս շարունակ նիստ չգումարեր, որպեսզի ավագանին ցրվեր, և անցկացվեին արտահերթ ընտրություններ: Ես կարծում եմ, որ այդ ճանապարհը ի վնաս քաղաքի է լինելու, որովհետև բոլորս հասկանում ենք՝ ինչ է նշանակում երեք ամիս ավագանու նիստ չանցկացնել: Եվ եթե այսօրվա ճգնաժամը կարելի է լուծել ավագանու նիստում, ապա այդ լուծումը պետք է տրվի այստեղ, և ավելորդ ցնցումների չենթարկվի քաղաքը»: