Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այս թիմն ունի ՔՊ վարչության և անձամբ վարչապետի լիակատար աջակցությունը». ներկայացվեց Գյումրու ՔՊ նախընտրական ծրագիրը․ Տեսանյութ

Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում ներկայացվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու ավագանու համամասնական ընտրությունների նախընտրական ծրագիրը։ Սրանով կուսակցությունը մեկնարկեց նախընտրական քարոզարշավը։ Միջոցառմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, ՔՊ վարչության անդամներ, պաշտոնատար այլ անձինք։ Ելույթի խոսքում ԱԺ պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը կարևորեց ՏԻՄ ընտրությունները՝ նշելով, որ սա առիթ է փոփոխությունների ալիքը ինտենսիվորեն բերելու համայնքներ։ Արսեն Թորոսյանը կարևորեց հանգամանքը, որ այս ընտրությունները չհամարվեն լոկալ, մեկ մարդու ընտրություն, սրանք խիստ քաղաքական ընտրություններ են։  

Անդրադառնալով իրենց թեկնածուին՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ միշտ չի, որ համայնքներում նման կարկառուն և լավ թեկնածուներ են լինում, և Հովհաննես Հարությունյանի գլխավորած ավագանու թիմը ունի ՔՊ վարչության և վարչապետի լիակատար աջակցությունը։
Այնուհետև Գյումրու քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանը ներկայացրեց նախընտրական ծրագիրը։ Հարությունյանն ընդգծեց, որ իրենց ամենակարևոր խոստումն այն է, որ յուրաքանչյուր գյումրեցի 5 տարի հետո զգա այն փոփոխությունները, որոնք իրականացվելու են։

Ընտրություններում հաղթանակի դեպքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը նախատեսում է մշակել և հաստատել Գյումրու նոր գլխավոր հատակագիծ, լուծել տնակային խնդիրները, քաղաքի աղբավայրի հարցը, զբոսայգիների ոռոգման և պահպանման հարցերը և այլն։ Կարևորվեց նաև քաղաքի համաչափ զարգացման հարցը։ Անդրադառնալով քաղաքի տրանսպորտի հարցին՝ թեկնածուն ասաց. «Մենք կլինենք երաշխավորը, որ այլևս գծեր, գծատերեր, գծեր կառավարող անհատներ չլինեն։ Դա իրականացվելու է քաղաքի կողմից։ Կառավարության հետ ևս մեկ սուբվենցիոն ծրագրով կավելացնենք մինիավտոբուսների քանակը»։

Ելույթի վերջում Հովհաննես Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և իր թիմակիցներին նման ծանր պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամություն հայտնելու համար։

Մանրամասն՝ տեսանյութում