Քաղաքացիակենտրոն
լրատվություն

68-ամյա Արզիկ Աղասյանն Արցախից միայն զոհված թոռան նկարն է կարողացել բերել․ տեսանյութ․ Iravaban.net

Արզիկ Աղասյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմել է, որ տեղահանվել է Մարտակերտի շրջանից։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակումից հետո նա ընտանիքի հետ ուղևորվել է Ստեփանակերտ․ «Թուրքն ամենավտանգավոր մարդն է»։

Ստեփանակերտում այդ մի քանի օրը, մինչև Հայաստան տեղափոխվելը, 68-ամյա կինը անցկացրել է նկուղում․ «Լավ է՝ հասցրել եմ փաստաթղթերը վերցնեմ։ Մեկ էլ երեխայիս (թոռան) նկարն եմ բերել։ 44-օրյա պատերազմի ժամանակ է մահացել, հոկտեմբերի 22-ին»։

Ասում է՝ ասելու շատ բան կա, ուղղակի չի կարողանում արտահայտվել։ Հակարիի կամրջի վրա ադրբեջանցիների հանդիպել են․ «Թուրքերեն գիտեմ, բայց վախեցել եմ խոսել»։

Մի ամիս է, ինչ Արզիկ Աղասյանը Արմավիրի կացարաններից մեկում է բնակվում։ Տների վարձավճարները մեծ են, ինքն ու աղջիկը չեն կարողանում տուն գտնել։