Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ-ից տեղահանվածների արտագաղթ Հայաստանից չկա, մենք ամեն ինչ պետք է անենք, որ նրանք մնան ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան

ԼՂ-ից տեղահանվածների արտագաղթ Հայաստանից չկա, մենք ամեն ինչ պետք է անենք, որ նրանք մնան ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան
Հասարակություն
13:29, 23 ноябрь 2023
«Պետք է գոհունակությամբ արձանագրեմ, որ մենք վերլուծում ու տեսնում ենք, որ ԼՂ-ից տեղահանվածների հոսք Հայաստանից չկա, այսինքն՝ արտագաղթի երևույթներ չկան։ Առաջին օրերին կար գնացողների բավականին անհանգստացնող թիվ, բայց մենք ենթադրում էինք, որ շատ դեպքերում մարդիկ ուղղակի այցելում են հարազատների հրավերով և վերադառնում են»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

Ըստ վարչապետի՝ Կառավարության քաղաքականությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերաբերյալ հետևյալն է. «Այն պայմաններում, երբ նրանք օբյեկտիվ հնարավորություն չունենան ԼՂ վերադառնալու, մենք ամեն ինչ պետք է անենք, որ նրանք մնան ՀՀ-ում»։

Փաշինյանի խոսքով՝ իրավիճակը այդ առումով կայունացել է։ Կառավարության ղեկավարը դա կարևոր ազդակ համարեց իրենց կողմից իրականացվող քաղաքականության արդյունքները գնահատելու առումով. «Թող իմ խոսքերը չմեկնաբանվեն այնպես, թե մենք ամբողջությամբ լուծել ենք այդ մարդկանց խնդիրները։ Ինչ-որ իքս պահից ԼՂ-ից բռնի տեղահանվածների ու հայաստանցիների նկատմամբ իրականացվող մեր քաղաքականությունները պետք է դառնան նույնական»։