Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կտրել էին մազերը, ներկ լցրել գլխին․ Երևանում անադեկվատ պահվածք դրսևորած ռուս բլոգերին «պատժած» երիտասարդները ձերբակալվել են

Կտրել էին մազերը, ներկ լցրել գլխին․ Երևանում անադեկվատ պահվածք դրսևորած ռուս բլոգերին «պատժած» երիտասարդները ձերբակալվել են
Հասարակություն
17:16, 13 декабрь 2023
Հայաստանն իրավական պետություն է, և ցանկացած հակաօրինական արարք միանշանակ պետք է ստանա գնահատական՝ համապատասխան հետևանքներով, սակայն՝ բացառապես իրավական դաշտում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն՝ անդրադառնալով օրեր առաջ Երևանում տեղի ունեցած միջադեպին:

«Դեկտեմբերի 9-ին միջադեպ էր տեղի ունեցել մի օտարերկրացու և չորս անհայտ անձանց միջև, որոնք, իրենց գնահատմամբ՝ հակահասարակական արարքի համար, ծեծի էին ենթարկել կնոջը, նվաստացրել ու կտրել մազերը:

ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի ստորաբաժանումների աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում վերոհիշյալ անձանցից երեքը հայտնաբերվել ու ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ չորրորդ անձին հայտնաբերելու ուղղությամբ»,- նշեց մամուլի քարտուղարն ՝ ընդգծելով, որ ձեռնարկված ցանկացած ինքնիրավչություն, վենդետա, ինքնադատաստան նույնպիսի հակաիրավական արարք է և արժանի համանման իրավական գնահատականի ու հետևանքների:

«Քաղաքացիներին հորդորում ենք նման դեպքերում ձեռնպահ մնալ ինքնագործունեության դրսևորումներից և միջադեպերը կանխելու ու բացառելու համար դիմել ու աջակցել իրավապահ մարմիններին»,- շեշտեց Նարեկ Սարգսյանը: