Քաղաքացիակենտրոն
լրատվություն

102-րդ ռազմաբազայում ապօրինի պահվող քաղաքացու առողջությունն ու կյանքը վտանգի տակ է. ահազանգում է իրավապաշտպան կազմակերպությունը

102-րդ ռազմաբազայում ապօրինի պահվող քաղաքացու առողջությունն ու կյանքը վտանգի տակ է. ահազանգում է իրավապաշտպան կազմակերպությունը
Հասարակություն
15:51, 15 декабрь 2023
Հանցագործության մասին հաղորդումից վեց օր անց գլխավոր դատախազությունը քրեական վարույթ չի նախաձեռնել, ահազանգում է իրավապաշտպան կազմակերպությունն ու պնդում՝ այս ընթացքում ռուսական 102-րդ ռազմաբազայում ապօրինի պահվող քաղաքացու առողջությունն ու կյանքը վտանգի տակ է, և չի բացառվում, որ կամքին հակառակ նրան արտահանձնեն Ռուսաստան։

«Հանցագործությունը առավել քան ցայտուն է, որ կատարվել է և շարունակվում է կատարվել, որովհետև 27-օրյա անազատության է՝ անձի մոտ անազատության մասին, չգիտեմ, խափանման միջոց ասեմ, թե ինչ ասեմ, որովհետև Հայաստանի օրենսդրության համապատասխան չի, սա արդեն ապօրինի է», - «Ազատությանն» ասաց փաստաբան Անի Չատինյանը։

Անցած շաբաթ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն էր տեղեկացրել, որ ռազմաբազայի ռազմական ոստիկանությունն օրը ցերեկով առևանգել է Գյումրիում բնակվող պայմանագրային զինծառայող եղած Ռուսաստանի քաղաքացուն, որ հրաժարվել է պատերազմել Ուկրաինայի դեմ, նրան տարել ռազմաբազա, ապա հայտարարել, որ Դմիտրի Սեդրակովը մեղադրվում է զինվորական ծառայությունից խուսափելու համար։

Կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը դատախազությանը դիմելիս նաև ահազանգել էր, որ հայաստանյան իրավապահների գործառույթն իրենց վրա վերցրած ռազմաբազայի աշխատակիցները ոչ ավելի, ոչ պակաս հանցագործություն են կատարել։ Ռուսական ռազմաբազան օրենք է խախտել, քանի որ Հայաստանի տարածքում քաղաքացիներին ձերբակալելու իրավունք ունեն միայն հայաստանյան իրավապահները՝ պնդել է իրավապաշտպանը և դատախազությանը հորդորել նաև զբաղվել Սեդրակովին անհապաղ ազատ արձակելու գործով։

Կազմակերպության փաստաբան Անի Չատինյանն ասում է, որ դատախազությունից ընդամենը կարճ գրություն են ստացել, որ ընթացք են տվել դիմումին, ստուգում են տվյալները, մինչդեռ ընթացք տալը շատ քիչ է, ասում է փաստաբանն ու ընդգծում՝ դատախազությունը պետք է արդեն գործուն քայլեր ձեռնարկեր, որ փրկեր անօրինական ձերբակալված քաղաքացուն

«Կարծում եմ, որ չեն հասցրել սրա մեջ տեսնել լրջության աստիճանը, և այս պարագայում պետք է տեղ հասցնել այն հանգամանքը, որ իրապես մարդու կյանքին վտանգ է սպառնում, որովհետև ցանկացած պահի կարող է տեղի ունենալ արտադատական էքստրադիցիա, որը լի է իր բազմաթիվ հետևանքներում, ընդհուպ մինչև արտադատական պատժի ենթարկել անձին և վախի մթնոլորտ տարածել նմանատիպ իրավիճակում գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ, ովքեր Հայաստանի Հանրապետությունում են», - հավելեց նա։