Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՓԾ-ն լուսանկարներ է հրապարակել ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ՃՏՊ-ից

ՓԾ-ն լուսանկարներ է հրապարակել ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ՃՏՊ-ից
Հասարակություն
18:26, 15 декабрь 2023
Դեկտեմբերի 15-ին, ժամը 14։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի և Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ և ավտոբուս, կա արգելափակված տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ` Հ. Ա.), «Suzuki» (վարորդ` Ա. Թ.), «Toyota», «Nissan» (վարորդ` Վ. Կ.), «BMW» (վարորդ` Ա. Դ.), «Chevrolet» (վարորդ` Վ. Բ.), «Honda», «Nissan», «Toyota» (վարորդ` Ա. Ս.), «Nissan» մակնիշների ավտոմեքենաները և «Zhongtong» մակնիշի ավտոբուսը։

Փրկարարներն ավտոբուսի վարորդին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ թիվ 18 երթուղին սպասարկող Zhong Tong մակնիշի ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։

«50-ամյա վարորդի մոտ նախաինֆարկտային վիճակ է, վիճակը ծանր է։ Իսկ մեքենաների փոխհատուցումը ԱՊՊԱ-ի շրջանակներում է իրականացվելու։ Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ավտոբուսը մենք մեր ուժերով կվերանորոգենք»,-հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։