Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշխատակցին սպառնացած Գորիսի մշակույթի տան տնօրենի գործը դատարանում է․ «Ես պնդել եմ իմ ցուցմունքը դատարանում, Հայկ Խաչատրյանը պետք է կալանքի տակ մնար»․ Արմիդա Աղաբեկյան

Աշխատակցին սպառնացած Գորիսի մշակույթի տան տնօրենի գործը դատարանում է․ «Ես պնդել եմ իմ ցուցմունքը դատարանում, Հայկ Խաչատրյանը պետք է կալանքի տակ մնար»․ Արմիդա Աղաբեկյան
Հասարակություն
18:36, 25 август 2021
«Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հայկ Խաչատրյանի վերաբերյալ հարուցված քրեական գործը դատաքննության փուլում է։ Հերթական նիստը նշանակված է սեպտեմբերի 10-ին։  

Նշենք, որ Հայկ Խաչատրյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա իր տնօրինության տակ գտնվող կենտրոնի գրադարանավար Արմիդա Աղաբեկյանին և մյուս աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 7-ին Գորիս համայնքում կազմակերպած նախընտրական քարոզչությանը։  Ըստ մեղադրանքի՝ «Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը նաև 2021թ. հունիսի 15-ին աշխատանքից ազատելու սպառնալիք տալով՝ գրադարանավար Արմիդա Աղաբեկյանին խոչընդոտել է մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին՝ անվանելով դավաճան:

Հայկ Խաչատրյանը կալանավորվել էր, և առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել չփոփոխել խափանման միջոց կալանքը։ Սակայն Հայկ Խաչատրյանի պաշտպանները դիմել էին Վերաքննիչ քրեական դատարան՝ կալանքը գրավով փոխարինելու միջնորդությամբ։ Դատարանը սահմանել էր 1մլն ՀՀ դրամ գրավ, որն ըստ պաշտպան Արթուր Քյարունցի՝ վճարել են Հայկ Խաչատրյանի ազգականները։ 
Արթուր Քյարունցը Civic.am-ին նաև տեղեկացրեց, որ դատախազությունն օրերս բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ վիճարկելու կալանքը գրավով փոխարինելու Վերաքննիչ դատարանի որոշումը։  

Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում գրադարանավար Արմիդա Աղաբեկյանը նշել էր, որ Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանի դեմ քրեական գործը հարուցվել է իր բողոքի հիման վրա․ ««Ես պիտի իրեն զապիս անեի թե չէ, հիմա շատ հնարավոր է ինքն ասի ես նման բան չեմ ասել, բայց մենք աշխատողներ ունեինք կանգնած, որոնց հիմա ինքը չի թողնում, որ գան էստեղ մասնակցեն, Փաշինյանի աջակցիներն են, չի թողնում, էնտեղ կանգնած են։ Ես երեխա ունեմ, ես 42 տարի աշխատում եմ բարեխղճորեն, հիմա ինքն ուզում է 68․000 դրամ աշխատավարձից ինձ զրկի՞, չի լինելու, ես թույլ չեմ տա»,-ասել էր նա։

Իսկ Հայկ Խաչատրյանն էլ մեզ հետ զրույցում հերքել էր իր աշխատկցուհու բողոքը․ «Կարող եք զանգել իմ աշխատողներից յուրաքանչյուրին, կարող եմ տվյալները տրամադրել, ոչ մեկին ոչ մի արգելք չեմ տվել։ Ավելին՝ մարդկանց ուղղակիորեն ասել եմ՝ դա ձեր քաղաքացիական իրավունքն է։ Ես իրավասու չեմ, ոչ էլ ցանկություն ունեմ առհասարակ որևէ մեկին պարտադրեմ՝ ասեմ էս մեկին կընտրենք, կամ այն մեկի քարոզարշավին չգնաք»։ 

Մենք կրկին կապ հաստատեցինք գրադարանավար Արմիդա Աղաբեկյանի հետ՝ ճշտելու արդյոք որպես վկա հրավիրվել է դատարան։

Գրադարանավարի խոսքով՝ ինքը դատարանում պնդել է իր ցուցմունքը, մինչդեռ գործով մյուս վկաները հերքել են Հայկ Խաչատրյանի կողմից իրենց ներկայացված պարտադրանքը․ «Ես հրավիրվել եմ դատարան, ասել եմ իրականությունը։ Գործով շատ վկաներ կան, բայց բոլորին վախեցրած են, գնում են ասում՝ նման բան չի եղել»։  

Արմիդա Աղաբեկյանի խոսքով՝ երբ Հայկ Խաչատրյանը կալանավորված էր, Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը Արմիդա Աղաբեկյանին ասել է՝ Հայկը պիտի դուրս գա, Դուք պետք է գնաք նոր ցուցմունք տաք․ «Ես էլ ասել եմ՝ ոչ, դատարանն ինչ կորոշի էն էլ կլինի։ Հայկ Խաչատրյանը պետք է կալանքում էլ մնար։»։ 

Այնուամենայնիվ Արմիդա Աղաբեկյանը նշեց, որ ներկայումս իր տնօրեն Հայկ Խաչատրյանի հետ նորմալ գործնական հարաբերություններ են։