Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հաւք 2021». 27 ԱԹՍ թիմեր մրցել են Լեռնապատում

«Հաւք 2021». 27 ԱԹՍ թիմեր մրցել են Լեռնապատում
Հասարակություն
21:42, 20 сентябрь 2021
Սեպտեմբերի 18-ին Լեռնապատ գյուղի ԱԹՍ փորձակայանում տեղի ունեցավ «Հաւք 2021» ԱԹՍ առաջին մրցույթը։ Մրցույթն իրականացվել է երեք անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ և արհեստավարժ ընկերություններ։ Հաշվի առնելով այս խմբերը` առաջադրվող խնդիրները եղել են պարզ, միջին և բարդ։ Մասնակցել է 27 թիմ։ 
 
Թիմերի աշխարհագրությունը բավականին ընդգրկուն էր. կային թիմեր Վանաձորից, Թալինից, Գյումրիից, Գորիսից, Գավառից, Այգուտից, Դիլիջանից, Եղեգնաձորից, Աբովյանից և Երևանից։ Խմբերի առաջ դրվել է երեք խնդիր. կրակի օջախի հայտնաբերում, տուժածի հայտնաբերում և գոյատևման փաթեթի առաքում, հեղուկ նյութերի սփռում։ Նման խնդիրների լուծումը կարող է էապես  բարելավել փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը։
 
«Դպրոցահասակներ» անվանակարգում կրակի օջախի հայտնաբերման և հեղուկ նյութերի սփռման խնդիրները լավագույնս լուծել է FlyLab Yerevan, իսկ տուժածի հայտնաբերման և գոյատևման փաթեթի առաքման խնդիրը՝ «Բիւրակն» թիմը։ 
 
«Սիրողական խմբեր և սկսնակ ընկերություններ» անվանակարգում կրակի օջախի հայտնաբերման և տուժածի հայտնաբերման ու գոյատևման փաթեթի առաքման հարցերում առաջատարն էր AHEX թիմը, իսկ հեղուկ նյութերի սփռման հարցում՝ FlyLab-ը։
 
«Արհեստավարժ ընկերություններ» անվանակարգում կրակի օջախի հայտնաբերման խնդիրը լուծելով  հաղթող է ճանաչվել «ՊրոՄաք» ընկերության թիմը։ 
 
Մրցավարական խմբում ընդգրկված են եղել Հայկ Ասլանյանը (ՀՀ ԲՏԱ նախարարություն), Բագրատ Վարդազարյանը և Արտավազդ Հովհաննիսյանը (ՀՀ ԱԻՆ), Ալեն Ամիրխանյանը և Արամ Հաջյանը (Հայաստանի ամերիկյան համալսարան), Գոռ Բաղդասարյանը (ՊիքսԱրտ), Րաֆֆի Քասարջյանը և Վահագն Պողոսյանը (ԱՏՁՄ), Ավետիք Քերոբյանը և Արման Պողոսյան (Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամ)։ 
 
Մրցանակային ֆոնդը, որը տրամադրվել է «ՊիքսԱրտ» ընկերության կողմից, կազմել է 15 միլիոն ՀՀ դրամ։ Առաջին տեղի համար թիմերը ստացել են 800.000, երկրորդ տեղի համար՝ 600.000, իսկ երրորդ տեղի համար՝ 300.000 դրամ մրցանակ։ 
 
Մրցույթն իրականացվել է ԵՄ Հորիզոն 2020 «Ռեսպոնդրոն» ծրագրի շրջանակներում, որը միտված է արտակարգ իրավիճակներում իրավիճակային իրազեկման համակարգի զարգացմանն ու կիրառմանը, ինչպես նաև առաջին արձագանքողին անհրաժեշտ տեղեկատվության և կապի ծառայությունների տրամադրմանը:
 
Մրցույթի կազմակերպիչներն են «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը», ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ), ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։