Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իմ որդին հաղթանակած է ընկել». Երևանում բացվեց ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան մարտարվեստների ակադեմիան․ Տեսանյութ

Այսօր Երևանում բացվեց ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվամբ մարտարվեստների ակադեմիան։ Ակադեմիան Վահագն Ասատրյանի անունով կոչելու նախաձեռնությամբ հանդես է եկել Կիոկուշին կարատեի ազգային ֆեդերացիան։ Ակադեմիայի ստեղծմանն աջակցել է նաև Վահագն Ասատրյանի ընկերը՝ Արմեն Մուրադյանը։ 

Վահագն Ասատրյանը եղել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորամասի հրամանատարը։ Նա մասնակցել է 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմին։ Իր հրամանատարությամբ գործող ստորաբաժանումը մի շարք մարտական գործողությունների է մասնակցել։ 

Վահագն Ասատրյանն իր ղեկավարած հատուկ նշանակության ստորաբաժանման հետ կատաղի մարտեր է մղել Հադրութ քաղաքում և մերձակայքում։ Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին՝ Հադրութ քաղաքի պաշտպանության ժամանակ, ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակված հրթիռի հարվածից։  2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար Վահագն Ասատրյանը հետմահու արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման։

Միջոցառմանը ներկա էին նաև Վահագն Ասատրյանի ընտանիքի անդամները, ընկերներն ու ԱԺ պատգամավորներ։

Նշենք, որ ակադեմիայի սաները և ներկաներից շատերը հագել էին Վահագն Ասատրյանի լուսանկարով շապիկներ, որոնց վրա գրված էր՝ «Վահագնը ես եմ»։

Մարտարվեստների ակադեմիայի նախագահ Լևոն Գրիգորյանն իր ելույթում նշեց, որ մենք այսօրվա և մյուս խաղաղ օրերի համար պարտական ենք Վահագնին և բոլոր հերոս տղաներին, որոնք իրենց կյանքի գնով պահեցին մեր անկախությունն ու կյանքի լուսավոր օրերը։

«Մենք պետք է հիշենք ու միշտ վառ պահենք նրանց անուններն ու հիշատակը։ Մեր ակադեմիան, կրելով հերոսի անունը, պարտավորվում է սպորտի ասպարեզում դրսևորել հաղթական կամք, միասնականություն, քանի որ սպորտը հանդիսանում է ևս մեկ խթան՝ ուղղված Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդմանը»,- ասաց ակադեմիայի նախագահը։

Ելույթ ունեցավ նաև հերոսի մայրը՝ տիկին Սիման։ Նա նախ շնորհավորեց Անկախության 30-ամյակի առթիվ՝ նշելով, որ այսպես չէ, որ պետք է շնորհավորեին, բայց եղածը եղած է։

«Ես այսօր շնորհավորում եմ Հայոց բանակին, հաղթանակած բանակին, բանակը հաղթանակել է, իմ որդին հաղթանակած է ընկել։ Իմ որդին կա այսօր և կլինի հավերժ բոլորի սրտերում, ամբողջ հայ ազգի՝ սփյուռքահայությունից սկսած. ողջունում եմ բոլորիդ»,- ասաց տիկին Սիման։ 
   
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ իր ելույթում նշեց, որ այս անկախությունն իր ամեն մի բջջով, իր ամեն մի մասնիկով կազմված է հենց Վահագն Ասատրյանի ու մեր մյուս հերոսների կատարած հերոսություններից։
«Ու այստեղ ամենակարևոր բանը, որ դուք այս դպրոցում սովորելու եք՝ ինձ թող ներեն ձեր մարզիչները, բայց լինելու է ոչ թե այն, ինչը որ դուք կսովորեք հենց բուն դահլիճում, այլ այն, ինչը որ դուք կզգաք ամեն անգամ Վահագն Ասատրյանի նկարի տակով անցնելիս»,- ասաց Վահագն Ալեքսանյանը