Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր որդիները զոհվեցին, բայց նրանց արյունն իզուր չի կորել՝ նրանք պաշտպանեցին մեր հայրենիքը. զոհվածի հայր

Մեր որդիները զոհվեցին, բայց նրանց արյունն իզուր չի կորել՝ նրանք պաշտպանեցին մեր հայրենիքը. զոհվածի հայր
Հասարակություն
13:02, 27 сентябрь 2021
ԵԿՄ տարածքում այսօր բացվեց խաչքար՝ ի հիշատակ 2020թ. 44-օրյա արցախյան պատերազմում զոհված զինվորների։ Խաչքարի բացման արարողությանը ներկա էին բազմաթիվ զինվորականներ, ՀՀ պաշտոնատար անձինք, այդ թվում՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։ 

Խաչքարի բացման արարողությանը ելույթ ունեցավ արցախյան ազատամարտի մասնակից, «44 օր» ՀԿ նախագահ Ֆելիքս Պողոսյանը, ում որդին զոհվել է 44-օրյա պատերազմում։ 

«Ավագ սերունդը, մեր զինակից ընկերները, նոր կազմավորված հայոց բանակը ողջ հայ ժողովրդի ջանքերով ձեռք բերեցին 20-րդ դարի վերջին մեծագույն հաղթանակը։ Սակայն մեր սերունդը մեղավոր է իր ժառանգների առջև՝ մենք չկարողացանք պահպանել այդ հաղթանակը։ Մենք մսխեցինք այդ հաղթանակը, և այդ հաղթանակը դարձավ ոչինչ։ Ինչո՞ւ մսխվեց, որովհետև հաշվենկատ չէինք, որովհետև 100 տարի առաջ՝ 1920թ. իրադարձություններից դաս չքաղեցինք, որը նույնպես արհավիրք բերեց մեր ժողովրդին։ Մեր երկրի անկախությունը, մեր պատիվը, մեր արժանապատվությունը, արցախահայությանը, Հայաստանը պահող-պաշտպանողը հայկական բանակն է։ Բայց այդ բանակը չպաշտպանվեց ինչպես որ պետք էր։ Բանակին սիրելը հասավ բաժակաճառերի մակարդակի։ Ոչ մի պաշտոնյայի տղա չի ծառայել հայկական բանակում՝ խոսքը երկրի ղեկավարների, բարձր պաշտոնյաների, կուսակցապետերի, ունևորների զավակների մասին է, այլապես նրանք տեղյակ կլինեին բանակի խնդիրներից։ Մենք պարտվեցինք, որովհետև ռեալ չգնահատեցինք հակառակորդի խնդիրները։ Մենք պարտվեցինք, որովհետև ոչմիթիզականության հետևից գնացինք։ Մենք պարտվեցինք, որովհետև ամենուրեք տիրում էին կոռուպցիան ու անարխիան։ Մեր որդիները զոհվեցին, բայց ես, որպես վշտաբեկ ծնող, համոզմունք ունեմ, որ նրանց արյունն իզուր չի կորել՝ նրանք պաշտպանեցին մեր հայրենիքը։ Իմ որդին Ամերիկայից վերադարձավ, կամավորագրվեց ու մեկնեց ռազմաճակատ։ Նա իմ հարցական հայացքին մի բան ասաց՝ հայրիկ, դու միշտ ինձ ասում էիր, որ ավագ սերունդը մեղավոր է, որ մենք պատերազմը թողեցինք ձեր ուսերին, ես չեմ ուզում պատերազմը թողնել իմ զավակների ուսերին»։