Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պատերազմի խաղաղ կողմը». ցուցահանդես՝ 44-օրյա պատերազմի մասնակիցների նախաձեռնությամբ. Տեսանյութ

44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Նազարենկոն իր ընկերների և ծառայակիցների հետ ստեղծել է «1080 ժամ» նախագիծը, որի շրջանակներում անցկացվում է 44-օրյա պատերազմի լուսանկարների ցուցահանդես և ֆիլմի ցուցադրություն։ Ցուցահանդեսի խորագիրն է՝ «Պատերազմի խաղաղ կողմը», այն իրականացվում է Նկարիչների միությունում։

Միքայելը մասնագիտությամբ լուսանկարիչ է, Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրվանից եղել է առաջնագծում և սկսել է լուսանկարել պատերազմի ամեն մի օրը՝ մեկ նկարով։ 

«Այնպես էի անում, որ լուսանկարելը չխանգարեր իմ առաքելությանը, և փորձում էի այդ ամենը ճիշտ ձևով համատեղել։ Լարված ժամանակ մտածում էի՝ հնարավորություն լիներ նկարելու»,- ասաց Միքայելը։ 

Ստեփան Դանիելյանը, որը Միքայելի ընկերն է և նույնպես 44-օրյայի մասնակից, ասաց, որ պատերազմի ավարտից մի քանի ամիս հետո Միքայելի հետ հանդիպել են, քննարկել, ու գաղափար է  առաջացել 6-րոպեանոց փաստավավերագրական ֆիլմ նկարահանելու։ 

44-օրյա պատերազմի մեկ այլ մասնակից՝ ժամկետային զինծառայող Արթուր Ավագյանը, որը պատերազմի ժամանակ եղել է տանկի հրամանատար, նշեց, որ հոկտեմբերի 2-ը իր համար պատերազմի ժամանակ անցկացրած ամենածանր օրն էր, քանի որ այդ օրը երեք անգամ մահից փրկվել է։ Արկերի պայթյունից իր զրահատեխնիկան գլորվել է դեպի անդունդը, և այդ ընթացքում երեք հոգով մի կերպ հասցրել են տանկից դուրս գալ և փրկվել։

«1080 ժամ» նախագծի կազմակերպիչ Արմինե Քյուփելյանն էլ նշեց, որ նախաձեռնութունը Միքայելինն է, և ընկերներով համախմբվել են նրա շուրջը և, յուրաքանչյուրը ներդնելով իր ռեսուրսը, ստացել են այս նախագիծը։

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան