Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Pfizer-ը երեխաներին պատվաստելու նախնական տվյալներ է ներկայացրել

Pfizer-ը երեխաներին պատվաստելու նախնական տվյալներ է ներկայացրել
Հասարակություն
19:52, 28 сентябрь 2021
Երեքշաբթի Pfizer և BioNTech ընկերությունները ներկայացրել են 5-ից 11 տարեկան երեխաների համար Covid-19 պատվաստանյութի նախնական փորձարկման իրենց տվյալները և հայտնել, որ առաջիկա շաբաթների ընթացքում նրանք պաշտոնական հարցում կուղարկեն ԱՄՆ համապատասխան մարմիններին` արտակարգ իրավիճակներում այն օգտագործելու համար, գրում է CNBC լրատվականը:

Համաձայն ամերիկյան մանկաբուժության ակադեմիայի տվյալների՝ սեպտեմբերի սկզբին արդեն երեխաների մոտ կորոնավիրուսային վարակն աճել է ՝ հասնելով իր ամենաբարձր կետին:

 2,268 մասնակիցներով կատարված կլինիկական փորձարկման ժամանակ պարզ է դարձել, որ պատվաստանյութը, որն արդեն թույլատրված է 12-ից 15 տարեկան դեռահասների և լիովին հաստատված է 16 տարեկանից բարձր տարիքի անձանց համար, թիրախային տարիքային խմբում առաջացրել է ուժեղ իմունային պատասխան, սեպտեմբերի 20-ին հայտնել են ընկերությունները:

Կայքը նշում է, որ Pfizer-BioNTech պատվաստանյութը 12-15 տարեկան երեխաների համար թույլատրվել է ընկերությունների կողմից լիազորություն ձեռք բերելու դիմումից մոտ մեկ ամիս անց: Եթե այս ծրագրի համար էլ կիրառվի նույն ժամանակացույցը, ապա մանկահասակ երեխաները ԱՄՆ-ում կկարողանան սկսել պատվատումները՝ հոկտեմբեր ամսվա վերջին, ինչը կարող է մեղմել այս աշնանը դեպքերի հավանական աճը, քանի որ դպրոցներն արդեն գործում են:

Թեև Covid-19-ի ծանր դեպքերն ավելի քիչ են պատահում երեխաների շրջանում, սակայն նրանք կարող են վիրուսը տարածել և վարակել խոցելի խումբ համարվող բնակչությանը:

Ընկերությունները հայտնել են, որ մտադիր են իրենց տվյալները ներկայացնել Եվրոպական դեղամիջոցների գործակալությանը և կարգավորող այլ մարմիններին: Նրանց փորձարկումներից ստացված տվյալները ցույց են տվել, որ պատվաստումը երեխաների մոտ առաջացրել է իմունային պատասխան, որը համընկնում էր նախկինում 16-25 տարեկան երեխաների հետ: Անվտանգության բնութագիրը նույնպես համեմատելի էր ավելի մեծ տարիքային խմբի հետ, տեղեկացրել են ընկերությունից:

Դեղարտադրողները նաև պատվաստանյութը փորձարկում են 2-ից 5 տարեկան երեխաների և 6 ամսականից մինչև 2 տարեկան երեխաների վրա, որոնց տվյալները սպասվում են չորրորդ եռամսյակում:

Moderna-ի ընկերության Covid-19 պատվաստանյութը ԱՄՆ-ում դեռահասներին  դեռևս թույլատրված չէ օգտագործել, մինչդեռ Եվրոպայում այդ տարիքային խմբի համար այն թույլտվություն ստացել է:

Սյուզի Սիրականյան