Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համավարակը լուրջ մարտահրավեր է հոգեկան առողջության խնդիր ունեցողների համար, ովքեր բուժում են ստանում հոգեբուժարաններում. Զեկույց

Համավարակը լուրջ մարտահրավեր է հոգեկան առողջության խնդիր ունեցողների համար, ովքեր բուժում են ստանում հոգեբուժարաններում. Զեկույց
Հասարակություն
15:43, 08 октябрь 2021
Հոկտեմբերի 10-ին նշվող Հոգեկան առողջության միջազգային օրվան ընդառաջ՝ «Հոգեբուժական հաստատությունները՝ նոր կորոնավիրուսային վարակի պայմաններում» թեմայով ասուլիսի ժամանակ հոգեբուժական հաստատություններում դիտորդական խումբը  ներկայացրեց իրենց զեկույցը՝ անդրադառնալով Հայաստանի հոգեբուժական հաստատություններում Քովիդ 19-ին դիմակայելու հետ կապված խնդիրներին։
 
Խումբը տեղեկություններ հայտնեց հոգեբուժական հաստատություններում COVID-19-ին դիմակայելու հետ կապված խնդիրների և սոմատիկ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման վիճակի մասին: «Զեկույցի միջոցով ներկայացրել ենք, թե ինչքանով է պետությունը COVID-19 համավարակի պայմաններում կարողացել ապահովել հոգեկան առողջական խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը: Համավարակը լուրջ մարտահրավեր է և առավել ծանր ազդեցություն թողնում է խոցելի խմբերի վրա, այդ թվում՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների վրա, հատկապես նրանց, որոնք հոգեբուժական օգնություն են ստանում հոգեբուժարաններում»,- նշեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ խմբի կողմից ուսումնասիրությունները հնարավոր է եղել իրականացնել տարբեր աջակցությունների շնորհիվ, այդ թվում՝ նաև Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի կողմից, որի աջակցության ընդհանուր չափը կազմել է 3 մլն դրամ:
 
«Հայտնի փաստ է, և նաև միջազգային ուսումնասիրություններն են ցույց տալիս, որ հոգեբուժական հաստատություններում մահացությունների 26%-ը տեղի է ունենում հենց սոմատիկ հիվանդություններից, այսինքն՝ հոգեկան առողջական խնդիրներից մահացության դեպքեր չեն լինում,- ընդգծեց Սաքունցը:- Թե կորոնավիրուսի պայմաններում ինչպիսին է եղել բժշկական աջակցության վիճակը հոգեբուժական հաստատություններում սոմատիկ հիվանդությունների առումով, սա առանձնահատուկ թեմա է, որն ուսումնասիրվել է, և տրվել են գնահատականներ, զեկույցներ են ներկայացվել առողջապահության նախարարությանը՝ ակնկալելով փոփոխություններ կատարել արձանագրված խնդիրների վերաբերյալ»: 

Խմբի անդամ Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը նշեց, որ պետությունը չի ապահովել տեսազանգերի ապահովումը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց համար, հատկապես քովիդի տարածումից հետո, երբ սահմանափակումներ մտցվեցին, ինչը բացասաբար է անդրադարձել հոգեկան խնդիրներ ունեցող անձանց վրա. «Արգելվել են տեսակցությունները՝ բացառությամբ տեսազանգերի, և դա նշանակում էր, որ պետությունը պետք է ապահովեր նրանց բոլոր այն սարքավորումներով, որոնցով հնարավոր կլիներ կապ հաստատել հարազատների հետ, իսկ մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դա տեղի չի ունեցել»։
 
«Մեր այս ուսումնասիրությունները հիմնականում վերաբերում էին սոմատիկ հիվանդությունների վերահսկմանն ու կանխարգելմանը հոգեբուժական հաստատություններում։ Դիտարկումները կատարվել են թե առողջապահության նախարարության ենթակայության ներքո գտնվող հաստատություններում և թե մարզպետարանների ենթակայության տակ գտնվող հաստատություններում»,- նշեց նա։
 
Վերջինիս խոսքով՝ մասնավորապես ուշադրություն են դարձվել հաստատությունների վիճակին, ինստիտուցիոնալացման քաղաքականությանը, համավարակի կանխարգելմանն ու վերահսկման միջոցառումներին, մասնավորապես ստացիոնար բուժման հասանելիությանը՝ համավարակի վերահսկողության և քովիդի դեմ պատվաստմանը, ինչպես նաև դեղորայքային ապահովվածությանը, համալրվածությանը անհրաժեշտ մասնագետներով և սարքավորումներով, լաբորատոր հետազոտություններին, ինչպես նաև, թե ինչպես է սոմատիկ հիվանդությունների կանխարգելումն իրականացվում։
 
«Կարող ենք արձանագրել, որ քովիդի տարածումից 1,5 տարի անց այդպես էլ չեն մշակվել և ներդրվել համավարակի պայմաններին համապատասխան կարգավորումներ՝ ստացիոնար բուժման կարիք ունեցող անձանց  ընդունելության վերաբերյալ, չեն նախատեսվել լրացուցիչ պարտադիր հետազոտություններ։ Օրինակ՝ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում նոր ընդունվող անձանց կատարում են ռապիդ թեստավորում՝ գանգատների կամ ջերմության դեպքում, իսկ Սևանի հոգեկան առողջության կենտրոնում մարդկանց մեկուսացնում են։ Արմաշի առողջության կենտրոնում ընդունում են բացառապես ՊՇՌ բացասական թեստի պարագայում»։
 
Նրա խոսքով՝ վերջինիս մոտեցումը հասկանալի է, սակայն ընդունելի չէ, քանի որ խախտում է անձանց հոգեկան առողջության իրավունքը՝ ժամանակին և անհրաժեշտ բուժում ստանալու։
 
Հաջորդ խնդիրն այն է, որ չի գնահատվել հաստատությունների անհատական պաշտպանության և ախտահանիչ միջոցների կարիքը, և այն, ըստ անհրաժեշտության, բավարարելու որևէ մեխանիզմ չի ներդրվել։
 
Ըստ բանախոսի՝ սոմատիկ հվանդությունների կանխարգելումը՝ բացառությամբ դեղորայքային հաշվառման, միասնական կարգավորում չի ունեցել, և սոմատիկ հիվանդությունների վերաբերյալ քովիդի պայմաններում ընդհանուր մոտեցումը բացակայում է։
 
«Քովիդի դեմ պատվաստման գործընթացը հստակ չի կարգավորվել, պատվաստվելու իրազեկված համաձայնություն ձեռք բերելու և այն երաշխավորելու հարցը մեզ համար անհասկանալի է դարձել»,- նշեց խմբի անդամը։