Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ շենքից հրազենի ցուցադրությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է․ ՄԻՊ

ԱԺ շենքից հրազենի ցուցադրությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է․ ՄԻՊ
Հասարակություն / Իրավունք
21:36, 03 март 2021
Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է առկա իրավիճակում:

Այս մասին հայտարարություն է տարածել ՄԻՊ-ը․

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր առ այն, որ ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևում են դիպուկահարներ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հավաքի ուղղությամբ: Արձանագրվել են նաև նման հրապարակային անհանգստություններ: Պաշտպանի աշխատակազմը դիտարկում է իրականացնում լրատվամիջոցներով և հավաքի վայրում, որտեղ առկա են նաև երեխաներ ու տարեցներ:
ՀՀ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը, այդ թվում՝ զինվորական համազգեստով դիպուկահարների ցուցադրական ներկայությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է այս պահին Բաղրամյան պողոտայում առկա իրավիճակում:

Պետությունը կարող է անվտանգության միջոցներ ձեռնարկել, բայց դրանք յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն կոնկրետ իրավիճակը և չպետք է լինեն այնպիսին, որ ստանան խաղաղ հավաքին մասնակցությունը կանխող կամ անհանգստություն պատճառող բնույթ: