Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խելացի մարդը պետք է հասկանա, որ պատվաստվելն անհրաժեշտություն է. կորոնավիրուսային մահերի մեծ մասը սիրտ-անոթային և շաքարային դիաբետ հիվանդություններ ունեցողներն են

Խելացի մարդը պետք է հասկանա, որ պատվաստվելն անհրաժեշտություն է. կորոնավիրուսային մահերի մեծ մասը սիրտ-անոթային և շաքարային դիաբետ հիվանդություններ ունեցողներն են
Հասարակություն
14:53, 15 октябрь 2021
«Ցանկացած խրոնիկ հիվանդություն ունեցող պացիենտ, որի օրգանիզմն արդեն իսկ թուլացած է, բնականաբար դառնում է շատ ավելի խոցելի կորոնավիրուսով վարակվելու պարագայում, և նրա հոսպիտալացվելու և անգամ մահանալու շանսերը շատ ավելի բարձր են, քան առողջ օրգանիզմի դեպքում»,- այսօր՝ հոկտեմբերի 15-ին, «Մեդիա» կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր Մինասյանը: 

«Խելացի մարդը պետք է հասկանա, որ պետք է պատվաստվի, և վերջ»,- հավելեց նա ու ընդգծեց, որ հակաուռուցքային բուժում ստացող պացիենտի մոտ կարող է այդ պահին հակացուցումներ լինեն պատվաստվելու, բայց դրա մասին պացիենտին պետք է հայտնի միայն իր բժիշկը. «Առանց անալիզները նայելու, առանց հիվանդին նայելու չի կարելի ասել՝ քո մոտ, օրինակ, չարորակ գոյացություն է, և քեզ չի կարելի պատվաստվել»: 

Վահե Տեր Մինասյանի խոսքով՝  հակապատվաստումային շարժումները մոտ 200 տարվա պատմություն ունեն, և չնայած այն պնդումներին, թե պատվաստումներից կառաջանա անպտղություն, մենք տեսնում ենք, որ Երկիր մոլորակի բնակչությունը միայն աճում է: 
«Աստղիկ» ԲԿ սրտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, սրտաբան Մհեր Սուսանին էլ շեշտեց, որ սիրտ-անոթային խնդիրներ ունեցողներն ամենամեծ ռիսկի տակ ընկնող հիվանդներն են՝  կորոնավիրուսով վարակվելու պարագայում: Սրտաբանի խոսքով՝ ամենաշատը սիրտ-անոթային հիվանդներն են մահացել կորոնավիրուսով վարակվելուց. «Սիրտ-անոթային հիվանդները գրեթե հակացուցում չունեն պատվաստվելու: Կորոնավիրուսի հետևանքով առաջացած մահերի մեծ մասը հիպերտոնիա և սիրտ-անոթային հիվանդություն ունեցողներն են: Պատվաստումից 1000-ից կամ 10000-ից մեկը կարող է բարդություն ունենալ, իսկ կորոնավիրուսի պայմաններում 100-ից 3-ը մահանում է»:  

Սրտաբանն օրինակ բերեց այն, որ 2.5 մլն պատվաստվածներից 25 տարեկան 15 մարդու մոտ միոկարդիկ խնդիր է առաջացել. մեդիայի ներկայացուցիչները նշել են, որ «Ֆայզեր» և «Մոդեռնա» պատվաստանյութերով պատվաստված երիտասարդները միոկարդիտ են ունեցել, իսկ այն 2.5 մլն պատվաստվածների մասին, որոնք խնդիր չեն ունեցել, լրագրողական նյութերում չեն նշվել. «Այսօրվա փորձը մեզ ցույց է տալիս, որ սիրտ-անոթային հիվանդները պետք է պատվաստվեն: Սիրտ-անոթային այն հիվանդները, որոնք ունեն արյան խնդիր՝ թրոմբոէմբոլիտ բարդություններ, հեմոֆիլիա, նրանց չի կարելի պատվաստվել, բայց դա բնակչության 0.1 տոկոսն է կազմում: Բայց նույնիսկ այս պարագայում որոշակի բուժումներով կարելի է ստանալ պատվաստում»: 

ԱՆ էնդոկրինոլոգիայի գծով խորհրդատու Նաիրա Գոգյանը ևս նշեց, որ խրոնիկ հիվանդություններ ունեցողներին չի արգելվում պատվաստվել, և շեշտեց, որ շաքարային դիաբետ ունեցողների մոտ կորոնավիրուսը հիմնականում ծանր ընթացք է ունենում և տխուր ավարտ. «Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում հետազոտությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսային մահերի 32 տոկոսի մոտ առկա է եղել շաքարային դիաբետ»: