Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բժիշկները ոչ մի օգուտ չունեն, որ ասում են՝ պատվաստվեք. մենք չենք ուզում ամեն օր բացենք ու կարդանք, թե քանի տասնյակ մարդ է մահացել կորոնավիրուսից

Բժիշկները ոչ մի օգուտ չունեն, որ ասում են՝ պատվաստվեք. մենք չենք ուզում ամեն օր բացենք ու կարդանք, թե քանի տասնյակ մարդ է մահացել կորոնավիրուսից
Հասարակություն
15:40, 15 октябрь 2021
«Հայկական իրականությունում մենք գործ ունենք մեդիա անգրագիտության հետ: Այն մարդիկ, ովքեր այսօր վարում են հակապատվաստումային քաղաքականություն, իրենց մեղքի բաժինն ունեն ամեն օր գրանցված չպատվաստվածների մահվան մեջ»,- այսօր՝ հոկտեմբերի 15-ին, «Մեդիա» կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը: 

«Հասարակ քաղաքացուն երբեք չի կարելի մեղադրել, մեկն իր կողմից է քաշում տանում իր կողմը, մյուսն՝ իր, և մարդիկ խճճվում են: Հիմա մեր մեծ նպատակը պետք է լինի, որ մարդիկ վերադառնան բժշկի հանդեպ վստահությանը: Մենք ոչ մի օգուտ չունենք, որ ասում ենք՝ գնացեք պատվաստվեք, մենք չենք ուզում ամեն օր բացենք ու կարդանք, թե քանի տասնյակ մարդ է մահացել կորոնավիրուսից»,- նշեց նա:   

Գինեկոլոգը, անդրադառնալով հարցին, թե ինչու է անհրաժեշտ, որ հղին պատվաստվի, կամ արդյոք վիժում առաջացնո՞ւմ է պատվաստումը, նշեց. «Մենք այս տարի միայն կորոնավիրուսից 5 մայրական մահ ենք ունեցել: Այսօր մոտեցումները փոխվել են, եթե նախկինում ասում էին՝ ցուցված չէ հղիներին պատվաստվել, ապա այսօր հղիներին խորհուրդ է տրվում պատվաստվել: Հատկապես ռիսկի խմբում են  շաքարային դիաբետ, ավելորդ քաշ, զարկերակային գերճնշում, խրոնիկ սիրտ-անոթային հիվանդություններ, երիկամային հիվանդություններ ունեցող հղիները, և նրանց ցուցված է պատվաստվելը: Հայաստանը դեռևս չի անցել այդ քայլին, բայց կարծում եմ, որ մոտ ապագայում Հայաստանը ևս, հաշվի առնելով աշխարհի փորձը, կգնա հղիներին պատվաստելուն»:

«Աստղիկ» ԲԿ սրտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, սրտաբան Մհեր Սուսանին, անդրադառնալով այն հարցին, թե որ պատվաստանյութերն են ցուցված սիրտ-անոթային խնդիր ունեցողներին, նշեց, որ ՀՀ-ում առկա պատվաստանյութերից որևէ մեկը չունի հակացուցում. «Նախընտրություն կա, օրինակ, չինականի նկատմամբ, և «Աստրազենեկան», և այլ պատվաստանյութերը լավն են: Ես, օրինակ, չինական պատվաստանյութով եմ պատվաստվել: Այն միֆերը, թե չիպավորում ենք կամ գենետիկ կոդ ենք դնում... երանի բժշկությունն այդ վիճակին հասած լիներ, որովհետև եթե բժշկությունը գենետիկ կոդի հասած լիներ, ուռուցքաբանությունը կվերանար, որովհետև ուռուցքի գենը փոխելով՝ ուռուցքը կարելի է մարմնին հավասարեցնել ու վերացնել:   

Ունեցել եմ հիվանդ, ով 6 տարի առաջ ստենտավորվել էր, ուներ բողոքներ՝ ցավ ուներ, չէր կարողանում քայլել, խորհուրդ էի տվել վերազոնդավորվել, բայց բժշկի չէր գնում՝ 6 տարի, հիմա մեկ ամիս առաջ մահացել է, ասում են՝ պատվաստվելուց մահացավ, որովհետև մահից մեկ շաբաթ առաջ էր պատվաստվել. «Ինքը 6 տարի սրտի խնդիր ունենալու ու բժշկի չգնալու հետևանքով է մահացել: Ճիշտ է, պատվաստանյութը մեզ 100 տոկոսով չի պաշտպանում, բայց 1000 անգամ ավելի են պաշտպանված պատվաստվածները, քան չպատվաստվածները»: