Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսի դեմ պատվաստման հետաձգումը միայն սրտային հիվանդությունների ծանր էտապներում է խորհուրդ տրվում. Համլետ Հայրապետյան

Կորոնավիրուսի դեմ պատվաստման հետաձգումը միայն սրտային հիվանդությունների ծանր էտապներում է խորհուրդ տրվում. Համլետ Հայրապետյան
Հասարակություն
13:14, 14 октябрь 2021
Կորոնավիրուսային հիվանդության պարագայում տեսանք, որ ռիսկի խումբը` թիրախը հենց ուղեկցող հիվանդություններ ունեցողներն էին` սրտանոթային խնդիրներ, շաքարային դիաբետ: Խնդրում եմ նշել ինչ ծանր հետևանքներ է թողնում այս վիրուսը:

«Սիրտ-անոթային հիվանդություններով տառապողները շատ ավելի խոցելի են կորոնավիրուսի հանդեպ, նրանք ավելի ծանր են տանում և ելքն անբարենպաստ է լինում: Մասնավորապես խոսքը վերաբերում է զարկերակային հիպերտենզիայով, սրտի անբավարարությամբ, սրտի իշեմիկ հիվանդությամբ տառապող հիվանդներին»,-այսօր «Արմենպրեսի» տաղավարում` մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդատու, սրտաբանների ասոցիացիայի նախագահ Համլետ Հայրապետյանը: 

Համլետ Հայրապետյանի խոսքով` դա է պատճառը, որ շատ ավելի է կարևորվում սրտային հիվանդների պրոֆիլակտիկան կորոնավիրուսից և մի կողմից անմիջական վիրուսի պաթոգեն ազդեցությունն է կարևորվում սրտի վրա, որը կարող է բերել սրտի վնասման, սրտամկանի ինֆարկտի, տարբեր տեսակի առիթմիաների. «Այն համակարգային փոփոխությունները, որոնք առաջանում են օրգանիզմում վիրուսի ներթափանցման պատճառով նրանք ևս իրենց հերթին ազդում են սրտամկանի գործունեության վրա: Վտանգավոր երևույթներից մեկը նաև սրտի ռիթմի խանգարումներն են: Սրտային հիվանդները պետք է գտնվեն իրենց սրտաբանների անմիջական հսկողության տակ և իրենց ցուցված է վակցինացիան»: 

Հարցին` կան սրտանոթային խնդիրներ, որոնց դեպքում հակացուցված է պատվաստումը` սրտաբանների ասոցիացիայի նախագահն արձագանքեց. «Բացարձակ հակացուցում սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում չկա, բայց որոշակի հիվանդների մոտ հիվանդության սրացման, ծանր էտապներում` երբեմն խորհուրդ է տրվում հետաձգել պատվաստումը»: 

Դիտարկմանը` խոսվում է այն մասին, որ Աստրա Զենեկա պատվաստանյութի դեպքում տրոմբոզ խնդիր կարող է առաջանալ, իսկ մոդեռնա պատվաստանյութի դեպքում մինչև 30 տարեկանների մոտ սիրտ-անոթային խնդրի ռիսկն է մեծանում` Համլետ Հայրապետյանը նշեց, որ բնականաբար գոյություն ունի որոշակի զգուշացումներ, որոշակի կողմնակի էֆեկտներ. «Բայց ամեն դեպքում բոլոր տեսակի հիվանդների համար գերադասելի է պատվաստվելը, քան չպատվաստվելը այս կամ այն կողմնակի էֆեկտի պատճառով»: