Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լարված իրավիճակ՝ Արարատի մարզում. Դալար գյուղում 30-ամյա երիտասարդի սպանությունից հետո անհայտ անձը հրկիզել է սպանություն կատարողի տունը․ Shamshyan.com

Լարված իրավիճակ՝ Արարատի մարզում. Դալար գյուղում 30-ամյա երիտասարդի սպանությունից հետո անհայտ անձը հրկիզել է սպանություն կատարողի տունը․ Shamshyan.com
Հասարակություն
17:50, 16 октябрь 2021
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալար գյուղի Գրիբոյեդով փողոցի տներից մեկում հրդեհ է։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ նշված տունը անհայտ անձը կամ անձինք հրկիզել են, և այդ տունը պատկանում է նշված գյուղի բնակիչ՝ 20-ամյա Սերյոժա Սիմոնյանին, ով այսօր քննիչի որոշմամբ ձերբակալվել է համագյուղացուն՝ 30-ամյա Գևորգ Պետրոսյանին սպանելու կասկածանքով։

Այս պահին հրշեջները տեղում աշխատում են, սակայն իրավիճակը գյուղում լարված է։ Սպանվածի մասին էլ գյուղացիները նշում են, որ նա գյուղի ամենահարգված ու սիրված երիտասարդներից է եղել. երբևէ վատ կողմեր չի ունեցել ու զայրույթ ու զարմանք են ապրել, թե ինչու է նա սպանվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հոկտեմբերի 16-ին, սպանություն էր տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 00։45-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի կտրած-ծակած վերքեր՝ թվով 2, ձախ բազկի կողմնային մակերեսի կտրած վերքեր՝ թվով 2, գլխի գագաթային շրջանի պատռված արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ էր տեղափոխվել մի քաղաքացի, ով, գիտակցության չգալով, մահացել էր։

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արարատի մարզի ոստիկաններն ու մարզային քննչական վարչության քննիչները տաք հետքերով ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով Արտաշատի ոստիկանություն էին բերման ենթարկել Դալար գյուղի բնակիչ՝ 20-ամյա Սերյոժա Սիմոնյանին։  

Պարզվել էր, որ նույն օրը, ժամը 00։00-ի սահմաններում իրենց գյուղի Սաղաթելյան փողոցում Ս. Սիմոնյանը վիճաբանել էր Գ. Պետրոսյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած մահակով հարվածել էր վերջինիս գլխին, իսկ հետո դանակով հարվածել կրծքավանդաին։