Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված յուրաքանչյուր 3-րդ և հաջորդ երեխայի կառավարությունը կաջակցի ամսական 50 հազար դրամով. Նիկոլ Փաշինյան

«Կառավարության ծրագրերի իրագործումը մեծապես կախված է նաև մասնավոր հատվածի ակտիվության ցուցանիշներից»,-այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկումների ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց առաջիկա 5 տարիներին ամեն տարի առնվազն 1000 հա ինտենսիվ այգիներ ներդնելու ծրագրի նպատակադրումը և հավելեց, որ, բնականաբար, կառավարությունը չի տնկելու այդ այգիները. «Այս առումով շատ կարևոր է, որ կարողանանք այդ ծրագրերը հասցնել մասնավոր հատվածին և ՀՀ քաղաքացիների, ընկերությունների շրջանում գտնել գործընկերներ, որոնք այս քաղաքական ուղերձը ընկալելով՝ կօգտվեն կառավարության ստեղծած  գործիքներից և կիրագործեն այս ծրագիրը»:

Վարչապետը նշեց, որ իրենք որոշել են շեմը բարձրացնել և աջակցել ոչ միայն նրանց, ովքեր ուզում են փոքր ներդրումներ անել, այլև միջին և միջինից էլ ավելի: Այս առումով Նիկոլ Փաշինյանը կարևորեց վերլուծական կարողությունների զարգացումը, ինչը թույլ կտա բարձրացնել ծախսերի, ներդրումների արդյունավետությունը, սոցիալական ծրագրերի հասցեականությունը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց իրենց նախընտրական խոստումը և ասաց. «2022թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված յուրաքանչյուր 3-րդ և հաջորդ երեխայի ՀՀ կառավարությունը կաջակցի ամսական 50 հազար դրամով, և այդ աջակցությունը կշարունակվի մինչև երեխայի 6 տարին լրանալը»: