Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գիտական ոլորտի բազային աշխատավարձի ֆոնդը 2025-ին կկազմի 14.4 մլրդ դրամ. Փաշինյան

Գիտական ոլորտի բազային աշխատավարձի ֆոնդը 2025-ին կկազմի 14.4 մլրդ դրամ. Փաշինյան
Գիտություն
13:30, 24 август 2021
Գիտության ոլորտում կարողացել ենք մի շարք ռազմավարական որոշումներ կայացնել և առաջիկա տարիներին պետք է կյանքի կոչենք դրանք։ Խորհրդարանում կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ 2021-ին գիտական ոլորտի բազային աշխատավարձի ֆոնդը շուրջ 4 մլրդ դրամ է կազմում, և որոշում է կայացվել, որ 2022թ.-ի հունվարից այն կլինի 7.7 մլրդ, իսկ հաջորդ տարիներին շարունակաբար կաճի և 2025-ին կդառնա 14.4 մլրդ դրամ։

«Եթե այժմ գիտաշխատողի ամսական միջին աշխատավարձը 90400 դրամ է, փոփոխությունից հետո՝ 2025թ.-ին կկազմի 276 հազար դրամ։ Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը ներկայիս 141 հազարի փոխարեն 2025-ին կկազմի 477 հազար դրամ։ Իրականացվող փոփոխությունները թույլ կտան գիտնականներին իրենց ջանքերն ամբողջությամբ ուղղել գիտությամբ զբաղվելուն և նոր գիտելիք ստեղծելուն և հնարավորինս քիչ մտահոգվել իրենց ապրուստի համար»,-ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2021-ին գիտության ֆինանսավորումն արդեն ավելացել է 2մլրդ 784 մլն դրամով, որը հատկացվել է թեմատիկ գիտական հետազոտությունների իրականացմանը, գիտական ենթակառուցվածքների և լաբորատորիաների արդիականացմանը, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ օգտագործել գիտական ներուժը՝ խթանելով երիտասարդների ներգրավումը գիտության ոլորտում։