Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատվաստման կետերում չինական «Sinopharm»-ի սահմանափակ քանակի պատճառով քաղաքացիները չեն կարողանում 2-րդ դեղաչափ ստանալ. ԱՆ-ից պնդում են՝ պատվաստանյութի պակաս չկա

Պատվաստման կետերում չինական «Sinopharm»-ի սահմանափակ քանակի պատճառով քաղաքացիները չեն կարողանում 2-րդ դեղաչափ ստանալ. ԱՆ-ից  պնդում են՝ պատվաստանյութի պակաս չկա
Հասարակություն
16:58, 29 октябрь 2021
Civic.am-ը քաղաքացիներից ահազանգ է ստացել, որ Երևանում COVID-19-ի դեմ պատվաստման շարժական կետերում և որոշ պոլիկլինիկաներում չինական «Sinopharm» տեսակի պատվաստանյութը խիստ սահմանափակ քանակով է բաշխվում և արագ սպառվում է։ Արդյունքում  առաջին դեղաչափով արդեն պատվաստված շատ քաղաքացիներ չեն կարողանում սահմանված ժամկետում ստանալ երկրորդ դեղաչափը։

Խնդրի վերաբերյալ Civic.am-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ մամլուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանն ասաց, որ նախարարությունը իր գործառույթները նորմալ կատարել է, և պատվաստանյութի պակաս չկա. «Գուցե բերված քանակն է սպառվել, որովհետև «Sinopharm» և «Moderna» պատվաստանյութերի մեծ պահանջարկ կա, գուցե արագ սպառվել է, բայց չի նշանակում, թե չկա»։ 

Մեր դիտարկմանը, որ կան դեպքեր, երբ մարդիկ ստացել են առաջին դեղաչափ «Sinopharm» տեսակի պատվաստանյութ՝ չեն կարողանում սահմանված ժամանակում ստանալ երկրորդ դեղաչափը, Խաչատրյանն արձագանքեց. «Դրա համար մենք կցագրման փաստը հանել ենք, քաղաքացին կարող է ցանկացած պոլիկլինիկայում  նախապես հերթագրվել, որ իմանան՝ մարդը գալու է, և ինչ պատվաստանյութով են պատվաստելու»։ 

Նշենք, որ որոշ պոլիկլինիկաներում հերթերն այնքան են, որ քաղաքացիները օրերով չեն կարող պատվաստվել։ Մեզ դիմած քաղաքացին պատմեց, որ հոկտեմբերի 27-ին այցելել է Վարդանանց պոլիկլինիկա, որտեղ նրան ասել են, թե նոյեմբերի 20-ից հետո նոր կարող է իր հերթը հասնել պատվաստման։

Նրա խոսքով՝ կազմակերպչական առումով ԱՆ մշակած ծրագրում ոչ մի խնդիր չկա։ «Մենք բոլորին հուշում ենք, որ նախապես պետք է զանգահարել և պայմանավորվել տեղի պոլիկլինիկայի հետ։ Հերթերը գոյանում են ոչ թե կազմակերպչական բացերի պատճառով, այլ հերթերը գոյանում են, որովհետու դիմելիությունը բավականին աճել է։ Կարծում եմ՝ քաղաքացիներն էլ են գիտակցում, որ կա դիմելիության խնդիր, և ցանկացած պատվաստում իրականացնող հաստատություն պետք է կարողանա ճիշտ տեղում կազմակերպել գործընթացը»։

Հարցին՝ մարդիկ կարո՞ղ են ուշացնել երկրորդ դեղաչափի պատվաստումը, Խաչատրյանը պատասխանեց. «Ոչ, քաղաքացին պետք է ավելի շուտ անհանգստանա, նախապես զանգահարի և փորձի տեղ գտնել ու գնալ պատվաստվել։ Քաղաքացին պետք է ջանք գործադրի, իսկ պատվաստում իրականացնողները կարողանան այդ պրոցեսը ճիշտ կարգավորել։ ԱՆ-ն լծակներ չունի այստեղ վերահսկողություն իրականացնելու, մեր հասարակության մեջ թյուրըմբռնում կա, որ ԱՆ-ն եթե ինչ-որ օրենքի, հրամանի հեղինակ է՝ ինքն էլ պետք է վերահսկի. գոյություն ունեն վերահսկող մարմիններ»։ 

ԱՆ խոսնակը նաև հայտնեց, որ Նորվեգիայի նվիրաբերած 620 հազար դեղաչափ «Moderna» տեսակի պատվաստանյութը հաջորդ շաբաթ կլինի Հայաստանում։

Գեղամ Ադյան