Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բուժհաստատությունում ոչ մի ակցիա չպետք է լինի». «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենի պատասխանը՝ ցածր աշխատավարձից դժգոհող վարորդներին

«Բուժհաստատությունում ոչ մի ակցիա չպետք է լինի». «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենի պատասխանը՝ ցածր աշխատավարձից դժգոհող վարորդներին
Հասարակություն
17:05, 02 ноябрь 2021
Այսօր Շտապօգնության ծառայության 6-րդ ենթակայանի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը։

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ երբց աշխատավարձերը բարձրացնելու հնարավորություն եղել է, նախարարությունը բարձրացրել է։

«Երբ քովիդ է եղել, 3 ամիս շարունակ նրանք ստացել են պարգևավճար՝ 2020 թվականի ապրիլ, մայիս, հունիս ամիսներին, և ոչ միայն վարորդները. վարորդ, բժիշկ, բուժքույր։ Հիմա չենք ստանում պարգևավճար, քանի որ հիմնականում  քովիդի կանչերը անում է «Քովիդ» կենտրոնը»,-  ասաց տիկին Ստեփանյանը։

Նա նշեց, որ աշխատավարձերի վերանայման հարցը պարբերաբար բարձրաձայնվել և քննարկվել է վերադասների հետ, և 2020 թվականի հունվար ամսին 10 տոկոսով աշխատավարձի բարձրացում է տեղի ունեցել։

Մեր այն հարցին, թե  արդյոք շտապօգնության մեքենաները վնասելու դեպքում վարորդնե՞րը պետք է վճարեն վերանորոգման ծախսերը, տնօրենը նշեց, որ եթե վարորդի անփութության պատճառով է վնասվել գույքը, ապա՝ այո, նա է հոգում ծախսերը. «Մինչև աշխատանքի ընդունվելը իրենց հետ պայմանագիր է կնքվում, և նրանք իրազեկվում են այդ մասին։ Եթե ոստիկանությունը հայտնում է, որ մեղավորությունը 100 տոկոսով վարորդինն է, ապա նա է վերականգնում, իսկ եթե մեքենայի անսարքություններ են, դա նրանց հետ կապ չունի, դա հիմնարկն է հոգում»։

Տիկին Ստեփանյանը նշեց, որ այս ընթացքում  վարորդներն ունեցել են իրենց ապահովագրության փաթեթները, որը նրանց թույլ է տալիս հիվանդանոցներում բուժվել կամ վիրահատվել անվճար։

«Տարբեր քայլեր են ձեռնարկվում։ Միայն աշխատավարձի բարձրացումով չի։  Եթե իմ մոտեցումն եք հարցնում, ապա բուժհաստատությունում ոչ մի ակցիա չպետք է լինի։ Ամեն ինչ երկխոսության ընթացքում պետք է որոշվի»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ շտապօգնության ծառայության վարորդները տեղեկացրել են, որ տարիներ շարունակ բարձրաձայնել են հարցը, ստացել նույն պատասխանը՝ շուտով հարցին լուծում կտան։ Տարիներ անց վարորդների նյարդերը տեղի են տվել, կանչից կանչ են շտապում՝ առանց դադարի, դրա համար վարձատրվում մաքսիմում 120 հազար դրամով, իսկ աշխատում են 24 ժամ՝ երկու օրը մեկ։ Վստահեցնում են, որ եթե ժամերի վերածեն, ապա ամսից ավելի են աշխատում։ 

Սյուզի Սիրականյան