Քաղաքացիակենտրոն
լրատվություն

100 քանի հազար փող են տալիս, չենք կարողանում դրանով յոլա գնանք․ Շտապօգնության մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում

100 քանի հազար փող են տալիս, չենք կարողանում դրանով յոլա գնանք․ Շտապօգնության մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում
Հասարակություն
12:40, 02 ноябрь 2021
Շտապօգնության ծառայության 6-րդ ենթակայանի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում։ Պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձերը, ավելացնել մեքենաների քանակը։

«Չենք հասցնում, ժամանակ չի տրվում, որ մենք մեր կարիքները բավարարենք»,-լրագրողների հետ զրույցում հայտնեց վարորդներից մեկը։

Շտապօգնության ծառայության վարորդները տեղեկացրել են, որ տարիներ շարունակ բարձրաձայնել են հարցը, ստացել՝ նույն պատասխանը. շուտով հարցին լուծում կտան։ Տարիներ անց վարորդների նյարդերը տեղի են տվել, կանչից կանչ են շտապում՝ առանց դադարի, դրա համար վարձատրվում մաքսիմում 120 հազար դրամ։

Աշխատում են 24 ժամ՝ երկու օրը մեկ։ Վստահեցնում են, որ եթե ժամերի վերածեն, ապա ամսից ավելի են աշխատում։ Բացի դրանից պահանջում են գիշերային հերթափոխի համար իրենց ևս վճարել։

«100 քանի հազար փող են տալիս, մենք չենք կարողանում դրանով յոլա գնանք։ Ո՞նց կարելի ա, ամենացածր աշխատավարձն է, ամեն ինչը թանկացել է, ասում են ապրեք, ո՞նց ապրենք»։

Աշխատանքային համազգեստներով 6-րդ ենթակայանի մոտ հավաքված վարորդները պահանջում են իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպել։ Վարորդների խոսքով, արագ սլանալիս դեպքեր են լինում, որ մեքենան վնասվում է, ծախսերը հոգում են աշխատակիցներն իրենց սեփական միջոցներից։ Վերջին դեպքի ժամանակ մեքենայի ապակիներն են կոտրվել, վարորդներից մեկն է վճարել։

«Մի անգամ չի եղել, որ 13-րդ աշխատավարձ ստանանք։ Մենք անում էինք 400-500 կանչ, հիմա անում ենք 2500 կանչ։ Մենք էդքան աշխատում ենք, բա բյուջեն ուրա՞ գնում։ Մեր չարչարանքը պետք է գնահատվի։ Մենք որ սկզբում գնում էինք կորոնավիրուսով հիվանդի տեղափոխելու, թողնում էին մի ժամ ախտահանվում էինք, հիմա գնում ենք հիվանդ տեղափոխելու, ասում են կանչերը շատ են, պետք է երեխա տեղափոխենք։ Ես կորոնավիրուսով հիվանդի եմ տեղափոխել, հետո պետք է երեխա տեղափոխեմ»,- պատմել է վարորդներից մեկը։

Աղբյուր՝ pastinfo.am