Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկ տարի առաջ ոնց տուն ու տեղ կորցրած էինք, նույն ձև էլ այսօր. Տեղահանված հադրութցիները ապաստան են խնդրելու Ֆրանսիայի նախագահից

Մեկ տարի առաջ ոնց տուն ու տեղ կորցրած էինք, նույն ձև էլ այսօր. Տեղահանված հադրութցիները ապաստան են խնդրելու Ֆրանսիայի նախագահից
Հասարակություն
13:07, 27 октябрь 2021
Արցախից տեղահանված բնակիչները կրկին հավաքվել են կառավարության շենքի մոտ։ Բողոքի ակցիա են իրականացնում, որին մասնակցելու են տարբեր բնակավայրերից տեղահանված արցախցիներ։ Արդեն շուրջ մեկ տարի պատերազմի հետևանքով բռնի տեղահանվածները չունեն ոչ մշտական բնակության վայր, ոչ էլ կարգավիճակ։

Հադրութի բնակիչ Արթուր Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հիմնական խնդիրը սոցիալականն է՝ կարգավիճակում ոչինչ չի փոխվել, երեք ամիս է պետությունից աջակցություն չեն ստանում։

«Խոսք են տվել, որ լինելու են 25-50 հազարական դրամները։ Երկու-երեք օրը մեկ սոցապ փոխնախարարների մակարդակով ասում են որոշումը կա, բայց չգիտեմ ինչո՞ւ՝ ծրագիրը չկա, մենք էլ երեք ամիս է չենք կարողանում բնակարանների վարձը տանք»։

Հադրութցին հայտարարեց, որ տեղահանվածներին հյուրատներից արդեն ստիպողաբար հանում են, թողնելով անտուն։

«Մեկ տարի առաջ ոնց եղել ենք տուն ու տեղ կորցրած, նույն ձևով էլ այսօր՝ մեր կյանքում փոփոխություն չի եղել, չգիտենք ինչո՞ւ են անմարդկային վերաբերմունք ցույց տալիս։ Շոր ու ուտելիքը աշխատում հասցնում ենք, բայց վարձերը թանկացել են։ Ծանր կացության մեջ ենք հայտվել, ձմեռվա բերան տներից հանում են»։

Հադրութցիները նշեցին՝ կարգավիճակի մասին իշխանությունը առհասարակ չի բարձրաձայնում։ Երկու ամսից ավելի է՝ նամակով դիմել են վարչապետին, բարձրաձայնել են իրենց խնդիրների մասին, սակայն մինչև օրս պատասխան չեն տրամադրել։ Արցախում հայտարարում են, որ ակտիվ բնակարանաշինություն է ընթանում, ուստի տեղահանվածները որոշել են նաև հաջորդ շաբաթ այցելել Արցախ։

Հադրութցիները կառավարության մոտից քայլերթով կուղևորվեն ՀՀ-ում ՄԱԿ գրասենյակ՝ հայտարարելու, որ ՀՀ-ում կան փախստականներ, ապա շարժվելու են Ֆրանսիայի դեսպանատուն՝ հանձնելու նամակ, որում հումանիտար ապաստան են խնդրելու Ֆրանսիայի նախագահից։