Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձմեռվա շեմին մնացել ենք դրսում․ հադրութցիները տան վարձ կամ բնակարան ու սոցիալական պայմաններ են պահանջում ՀՀ կառավարությունից

Ձմեռվա շեմին մնացել ենք դրսում․ հադրութցիները տան վարձ կամ բնակարան ու սոցիալական պայմաններ են պահանջում ՀՀ կառավարությունից
Հասարակություն
17:11, 06 октябрь 2021
Արցախից տեղահանված մի խումբ հադրութցիներ ՀՀ Կառավարության շենքի մոտ այսօր բողոքում էին հատկապես Արցախի կառավարությունից, որ իրենցից ձեռք է քաշել ու աջակցություն չի ցուցաբերում՝ զբաղվում է միայն այն քաղաքացիների հարցերով, որոնք վերադառնում են Արցախ։

«Մեկ տարի է՝ մեզ տնից հանել են, հասցրել ձմեռվա բերան ու մեզնից հրաժարվել։ Խնդրում ենք գոնե բնակվարձով ապահովեն։ Ո՞նց պետք է ապրենք՝ կոմունալներ վճարենք, չենք էլ խոսում ձմեռվա շորերի մասին»,- լրագրողների հետ զրույցում հարց բարձրացրին  Կառավարության շենքի մոտ հավաքված նախկին հադրութցիները, որոնք մշտական բնակության վայր չունեն, պատերազմից հետո կորցրել են իրենց բնակարանները։ 

Արցախ վերադառնալը նրանք համարում են ռիսկային, քանի որ, ըստ նրանց, անվտանգության երաշխիքներ չկան։ «13,5 մլրդ դրամ գումար են հատկացնում ԱՀ-ին՝ տեղահանվածների համար։ Ստեփանակերտում մեր հայրենակիցներից 1960 մարդ հյուրանոցներում ու հյուրատներում են բնակեցրել ու տրամադրվում է օրական 4000-6000 դրամ՝ յուրաքանչյուրին։ Ստացվում է՝ շնչին ամսական 150 հազար դրամ են տրամադրում։ Ի՞նչն է խանգարում, որ այստեղ չեն տրամադրում գումարը։ Էնտեղ անգամ սեփական տներ կան, որտեղ մեր բնակիչներին եկել, հանել են, ասել, որ դա ձևակերպում են որպես հյուրատուն ու եթե նախկինում 100 հազար դրամ էին վարձ վճարում, այսօր այդ մարդը 900 հազար դրամ է վերցնում։ Դա ո՞վ պետք է վերահսկի»,- հարց բարձրացրեց  հադրութցի տղամարդը՝ հավելելով, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ 2500 հադրութցի էր լքել ՀՀ–ն, իսկ վերջին մեկ ամսում այդ թվին ևս 500 մարդ է ավելացել։ 

«Հադրութից ՀՀ-ն տարբեր պատճառներով լքել է 3000 մարդ։ Հիմնականում արտագաղթում են երիտասարդները։ Մի նախագիծ են առաջարկել, որտեղ տարեց մարդիկ, թոշակառուները դրանից չեն օգտվում, այսինքն իրենք պետք է գնան մեռնեն, կոտորվեն։ Եթե մեր խնդիրները չլուծվեն, ես էլ կարտագաղթեմ` բա ի՞նչ անեմ։ Ձմեռվա բերան ուղղակի հրաժարվում են մեզնից»,- լրագրողներին հայտնեց հադրութցին։