Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ստացողները օրենսդրական փոփոխություններից հետո կվճարեն պետական տուրք մեկ անգամ՝ 100 000 դրամ. ՏԿԵ փոխնախարար

Այսօր Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ընդունվեց որոշում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ մինչև 2014 թվականը կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը լիցենզավորման ենթակա գործունեություն էր, լիցենզիան տրվում էր անժամկետ, որի համար Պետական տուրքի մասին օրենքով սահմանված էր 100 000 դրամ տարեկան պետական տուրք, 2014 թվականին իրականացված օրենսդրական փոփոխության արդյունքում  կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման պահանջը հանվել է, իսկ տարեկան պետական տուրքի պահանջը  պահպանվել է։ 

«Պետական տուրքի մասին ՀՀ օրենքով  տարբեր ոլորտներում անժամկետ լիցենզիայի պահանջով  գործունեություն իրականացնելու համար սահմանված է տարեկան պետական տուրք, իսկ հստակ  ժամկետով գործունեություն իրականացնելու, լիցենզավորման կամ թույլտվության տրամադրման համար մեկանգամյա տուրք՝ ամբողջ ժամանակահատվածի համար։ Սկզբունքորեն նույն  մոտեցումը պետք է  ցուցաբերվի նաև կանոնավոր ուղևորափոխադրումների, երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման պարագայում, քանի որ միջպետական և ներհանրապետական կանոնավոր երթուղիները սպասարկող կազմակերպությունների ընտրության մրցութային կարգերով երթուղիների սպասարկման իրավունքը տրվում է որոշակի ժամկետներով»,- ասաց փոխնախարարաը:

Նա նշեց, որ ներկայացված օրենսդրական փաթեթով նախատեսվում է կանոնավոր ուղևորափոխադրումների տարեկան սպասարկման համար սահմանված տարեկան պետական տուրքը փոխարինել սպասարկման իրավունքի տրման համար մեկանգամյա պետական տուրքով։ 

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը փոխնախարարից հետաքրքրվեց, թե կարելի՞ է ասել, որ սրանով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ֆինանսական բեռը թեթևանո՞ւմ է, եթե ամեն տարի իրենք պետք է տուրք վճարեն, հիմա մեկանգամյա են վճարում։  

Ի պատասխան փոխնախարարն ասաց. «Այո՛, այսօր մրցութային կարգով, որը որ մեր նախարարության կողմից մշակվել է և 2020 թվականին ընդունվել է,  դա 10 94 կարգն է, և  ենթադրվում է, որ կանոնավոր ուղևորափոխադրումների սպասարկումը կարող է  իրականացվել միայն ու միայն 10 տարի ժամկետով։ Այսինքն՝ այն կազմակերպությունը, որը այդ մրցութային կարգով  կստանա իրավունք՝ սպասարկելու այս կամ այն  երթուղին, այս օրենսդրական  փոփոխություններից հետո կվճարի մեկ անգամ  100 000 դրամ և ոչ թե 10 անգամ 10 000 դրամ»,- ասաց փոխնախարարը։