Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էլեկտրամոբիլներ ներմուծողները կշարունակեն ազատված լինել ԱԱՀ-ից. նախագիծն ընդունվեց

ԱԺ Տնտեսական հարցերով հանձնաժողովում քննարկվեց Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը։

Հիմնական զեկուցող՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ նախագծով նախատեսվում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգել բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների, մասնավորապես մեծ, միջին, փոքր ավտոբուսների, մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլետների և մոպեդների ներմուծման և օտարման համար գործող արտոնության ժամկետը։  

«Հարկային օրենսգրքով սահմանված արտոնությանը զուգահեռ՝ ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը էլեկտրական շարժիչով աշխատող մարդատար տրանսպորտային մեքենաների համար զրոյացվել են ներմուծման մաքսատուրքերը, մաքսատուրքի դրույքաչափերը։ 2019 թվականի հուլիսի 1-ից  Հարկային օրենսգրքով սահմանված արտոնություններն ուժի մեջ մտնելուց հետո հանրապետությունում ստեղծվել է բարենպաստ միջավայր էլեկտրամոբիլների ձեռք բերման, ինչպես նաև դրանց շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման համար»,- ասաց Գայանե Գաբրիելյանը։
Նա տեղեկացրեց, որ  2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը ՀՀ ներմուծվել է  5291 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց,  2019 թվականին՝ 668, 2020 թվականին՝ 2155, և միայն 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում՝ 2468։ 

Փոխնախարարի խոսքով՝ ներկայումս ՇՄ նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից մեկնարկել է «Հայաստանում անցում էլեկտրոնային շարժիչով  մեքենաներին» դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է կառավարության համար ձեռք բերել մեկ տասնյակից ավելի էլեկտրամոբիլներ և լիցքավորման կայաններ։  

«Նախագծի ընդունումը պետական բյուջեի  մուտքերի վրա կունենա ոչ էական ազդեցություն՝ ելնելով այն հանգամանքից, որ ընդհանուր առմամբ 2019-20 թվականներին հանրապետություն է ներմուծվել ավելի քան 265 000 տրանսպորտային միջոց, որից միայն 2800-ն է բացառապես էլեկտրական շարժիչով։ Հաշվի առնելով նախատեսված արտոնության արդյունքում հնարավոր բնապահպանական և սոցիալ-տնտեսական օգուտները՝ կարելի է արձանագրել, որ երկարաժամկետ հեռանկարում օրենքի կիրառման արդյունքում պետական բյուջեի եկամուտներում կլինեն դրական փոփոխություններ՝  ենթակառուցվածքների զարգացման, արդյունավետ շահագործման նպատակով լրացուցիչ ներդրումների, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծման արդյունքում»,- ասաց փոխնախարարը։     
 
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը փոխնախարարից հետաքրքրվեց, թե անկախ նրանից՝ տուրքը կզրոյացվի, թե չէ, հետագա երկու տարիների համար մենք  ավելացված արժեքի հարկի արտոնությունը, այս ազատումը պահպանո՞ւմ ենք։ 

Արձագանքելով՝ փոխնախարարան ասաց, որ այս պահի դրությամբ մինչև դեկտեմբերի 31-ը 15 տոկոսի կարգով գործում է  ԵԱՏՄ-ի շրջանակներում արտոնությունը և 20 տոկոս ԱԱՀ-ի, այսինքն՝ ընդհանուր առմամբ ներմուծողների համար 35 տոկոսի շրջանակներում գործում է արտոնություն։

«Այո՛, մենք հիմա  դեռ գտնվում ենք այն փուլում, որ շարունակում ենք ԵԱՏՄ գործընկերների հետ քննարկել դրա հնարավորության երկարաձգումը 15 տոկոսի մասով՝ գիտակցելով, որ մեծ հավանականություն կա, որ դա չի ընդունվի տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված։ Սակայն 20 տոկոսի մասով ուզում ենք պահպանել»,- ասաց փոխնախարարը։

Քննարկումից հետո նախագիծն ընդունվեց։