Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման արտոնությունների ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2024 թվականը. փոխնախարար

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Նախատեսվում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգել բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների, մասնավորապես՝ մեծ, միջին, փոքր ավտոբուսների, մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլետների ու մոբեդների ներմուծման և օտարման համար գործող արտոնությունների ժամկետները»,- հայտարարեց շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:

Նա նշեց, որ ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը էլեկտրական շարժիչով աշխատող մարդատար տրանսպորտային միջոցների համար զրոյացվել են ներմուծման մաքսադրույքի դրույքաչափերը:

Փոխնախարարի խոսքով՝ հանրապետությունում արագորեն աճում է տարբեր հզորության լիցքավորման կայանների թիվը:

«Ներկայումս շրջակա միջավայրի նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից ևս մեկնարկել է «Հայաստանում անցում էլեկտրական շարժիչով մեքենաներին» դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է կառավարության համար ձեռք բերել մեկ տասնյակից ավելի էլեկտրամոբիլներ և դրանց լիցքավորման կայաններ»,- հավելեց Գայանե Գաբրիելյանը: