Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լոռու մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 95 339 մարդ

Լոռու մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 95 339 մարդ
Հասարակություն
10:33, 15 декабрь 2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա են եղել փոխմարզպետ Գոռ Ասրյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ և պատասխանատու պաշտոնյաներ:
 
Քննարկվել են առանցքային հարցեր մարզում իրականացվող միջազգային ու տեղական ծրագրերի, գյուղատնտեսական ցուցանիշների, քաղաքաշինության, սոցիալական, առողջապահական, համայնքների սեփական եկամուտների հավաքման, մարզում իրականացվող 2021 թ. սուբվենցիոն ծրագրերի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ և այլ հարցեր։
 
Մարզպետը նշել է, որ անհրաժեշտ է հետևողական լինել համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի կատարման ժամկետներին, որակին, առկա թերությունները շտկելու համար հանձնարարականներ տալ շինարարական կազմակերպություններին:
 
Մարզի ղեկավարին է ներկայացվել, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանասավորման շրջանակներում նախատեսվում է նոր ենթածրագրերի իրականացում միավորված համայնքներում՝ նպատակ ունենալով բարելավել համայնքների ենթակառուցվածքներն ու մատուցվող ծառայությունները՝ ի նպաստ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման:
 
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը զեկուցել է, որ Լոռու մարզի բժշկական հաստատություններում, առողջության առաջնային պահպանման կենտրոններում և շարժական պատվաստումային խմբերի կողմից դեկտեմբերի 14-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 95 339 մարդ, որից առաջին դեղաչափ է ստացել 56.445, երկրորդ դեղաչափ՝ 38.894 մարդ: Մարզում համավարակի դեմ պատվաստումներն ակտիվորեն շարունակվում են:
 
Մարզպետ Արամ Խաչատրյանը հորդորել է պատվաստումների գործընթացին նոր զարկ տալ՝ որպես համավարակի ամենարդյունավետ կանխարգելիչ միջոցառում։ Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզի ղեկավարն անդրադարձել է առաջիկա անելիքներին, մասնավորապես՝ կարևորել զարգացման նոր ծրագրերի իրականացման նպատակով Լոռու մարզում ներդրումների նոր աղբյուրների որոնման և ներգրավման կարևորությունը, տրվել են նոր հանձնարարականներ: