Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս տարվա հետ հույս ենք կապում, որ պետք է լավ լինի․ Գեղարքունիքի և Սյունիքի սահմանամերձ գյուղերում Ձմեռ պապից խաղաղություն են ուզում

Այս տարվա հետ հույս ենք կապում, որ պետք է լավ լինի․ Գեղարքունիքի և Սյունիքի սահմանամերձ գյուղերում Ձմեռ պապից խաղաղություն են ուզում
Հասարակություն
16:30, 03 январь 2022
Նախորդ տարում Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ բնակավայրերում տարին հեշտ չէր, հակառակորդը կա՛մ կրակում էր, կա՛մ խոչընդոտում տեղաշարժը։ 

Civic.am-ը զրուցել է մի քանի սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ՝ տեղեկանալու, թե նրանք ինչպես են դիմավորել Ամանորը և ինչ ակնկալիքներ ունեն այս տարում։

Գեղարքունիքի մարզի Գեղամասար վարչական տարածքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ամանորը լավ են դիմավորել։

«Մեծ տոնական տրամադրություն ոչ մեկի մոտ չկար. ասել էի, որ հրավառություն ոչ մեկը չանի՝ ի հիշատակ մեր զոհերի։ Մնացածը նորմալ անցել է։ Այս տարվա հետ հույս ենք կապում, որ պետք է լավ լինի, բայց այդ ամեն ինչը կախված է մեզանից, մեր ղեկավարությունից, մեր ժողովրդից։ Տեսնենք՝ ով ինչ է անում։ Արդեն նոր համայնքի ղեկավար կունենանք, պետք է որ լավ լինի, սպասելիքները շատ են, տեսնենք՝ ոնց կարդարանան»,- ասաց Հակոբ Ավետյանը։

Նա նշեց, որ այս պահին գյուղն ապրում է իր բնականոն կյանքով, ամեն ինչ նորմալ է, ճանապարհներն էլ անցանելի են, և ճանապարհների խնդիր չունեն։

Սյունիքի մարզի Ճակատեն վարչական տարածքի ղեկավար Արա Հարությունյանն էլ ասաց, որ Ամանորը նորմալ նշել են, միայն տեղացած ձյան պատճառով Ճակատենից Կապան ՈՒԱԶ-ով են գնում-գալիս։

Խոսելով կատարվող աշխատանքների մասին՝ Արա Հարությունյանը տեղեկացրեց, որ հիմա գյուղապետարանի շենքն է վերանորոգվում, իսկ օրերը տաքանալուն պես ջրագծի վրա պիտի աշխատեն՝ խմելու ջրի նոր ջրագիծ են կառուցում, և ինչ որ պլանավորված է՝ արվելու է։ «Իսկ ժողովրդի մոտ լարվածություն, անհանգստություն չկա, որովհետև ճանապարհը գարնանն արդեն բացվելու է։ Հիմա էն մյուս հիմնական ճանապարհը, որ պիտի կառուցվի, արդեն միացվել են իրար, ուղղակի պիտի լայնացման աշխատանքներ տարվեն, և գարնանն արդեն ասֆալտապատվելու է»,- ասաց Արա Հարությունյանը։ 
      
Ծավ վարչական տարածքի ղեկավար Սեյրան Զաքարյանն էլ նշեց, որ գյուղում Ամանորը շատ լավ են դիմավորել։

«Ճանապարհը բաց է, նորմալ գնում-գալիս ենք, հետևողականորեն արվում է ամեն ինչ, ձյունը գալուց՝ մաքրել ենք, ամեն ինչ նորմալ է։ Ես միայն խաղաղություն եմ խնդրում Ձմեռ պապից, հույս ունեմ՝ կլինի»,- ասաց Սեյրան Զաքարյանը։   
 
Լիլիթ Թադևոսյան