Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիմա Ջերմուկում աշխուժություն կա, իսկ երբ ճանապարհները բաց էին, հայերը փող էին տալիս՝ Թուրքիայում ու Վրաստանում էին հանգստանում. Ջերմուկի զարգացման հարցերով պատասխանատու․ Լուսանկարներ

Հիմա Ջերմուկում աշխուժություն կա, իսկ երբ ճանապարհները բաց էին, հայերը փող էին տալիս՝ Թուրքիայում ու Վրաստանում էին հանգստանում. Ջերմուկի զարգացման հարցերով պատասխանատու․ Լուսանկարներ
Հասարակություն
14:39, 01 февраль 2022
Ձյունառատ Ջերմուկում այս ձմռանը հայ տուրիստների պակաս չի զգացվում, թեպետ հյուրանոցների ու առողջարանների աշխատակիցները պնդում են՝ ձմռանը Ջերմուկ հաճախում են հիմնականում ռուսները։ 

Ջերմուկ համայնքի տնտեսական զարգացման հարցերով պատասխանատու Ստեփանոս Վարդանյանը Civic.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ երբ դեպի արտերկիր տանող ճանապարհները փակ են, Ջերմուկում աշխուժություն կա՝ հայ տուրիստները շատացել են: «Երբ ճանապարհները բաց էին, հայերը փող էին տալիս՝ Թուրքիայում ու Վրաստանում էին հանգստանում»,- ընդգծեց նա։ 

Ջերմուկի գեղատեսիլ վայրերն ու ցանկացած սեզոնին հաճելի եղանակը թույլ չեն տալիս ձանձրանալ նույնիսկ ակտիվ հանգստի սիրահարներին։ Ձմռանն էլ ճոպանուղում եռուզեռ է՝ սահնակ վարձելու հերթեր, ոմանք էլ դահուկներ են սովորում վարել։ Թե Ջերմուկ համայնքի պաշտոնական կայքէջում, թե ֆեյսբուքի էջում հրապարակումներ կան այն մասին, որ խորհրդային տարիներին Ջերմուկը եղել է ԽՍՀՄ օլիմպիական հավաքականների նախընտրած քաղաքներից մեկը, որտեղ ձմռանը մարզվել են լավագույն դահուկորդները։

Ստեփանոս Վարդանյանը նշեց, որ Ջերմուկի ճոպանուղու հատվածում այսօր առկա սահնակներն ու դահուկները պատկանում են մասնավորին, և դահուկներ վարել ցանկացողները ոչ թե մասնագիտական, այլ սիրողական մակարդակի կարող են սովորել, որովհետև սովորեցնողները հենց ճոպանուղու աշխատակիցներն են: «Դահուկների ու սնոուբորդի համար նախատեսված սահուղին հարթեցնող՝ ձյունը նստեցնող տրակտորը շարքից դուրս է եկել, շատ թանկ արժի, այս տարի այդ տեխնիկայից պետք է ձեռք բերենք»,- հավելեց նա։ 
 
Ջերմուկ համայնքում այս տարի նախատեսվում է համայնքի զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնել՝ որոշ ծրագրեր համայնքի բյուջեով, իսկ որոշ ծրագրեր էլ կիրականացվեն կառավարության ու Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ՝ Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով: «Այս տարի ասֆալտապատվելու է դեպի եղնիկի արձան տանող ճանապարհը, արտաքին լուսավորություն է կառուցվելու այդտեղ, ինչպես նաև եղնիկի արձանի մոտ դիտահրապարակ և սանհանգույց է կառուցվելու»,- ասաց Ջերմուկ համայնքի տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուն ու ընդգծեց, որ եթե մինչ այս ամենագնացներով էին տուրիստները բարձրանում, ապա ճանապարհը պատրաստ լինելու դեպքում արդեն իսկ ցանկացած ավտոմեքենայով հնարավոր կլինի հասնել բարձունքում՝ ժայռի վրա կառուցված Ջերմուկի գլխավոր խորհրդանիշը համարվող եղնիկի արձան։  

Ջերմուկի հանքային ջրերի ըմպելասրահում մինչ տուրիստները վայելում են ցանկացած եղանակին հոսող տաք հանքային ջուրը՝ տեղի բնակիչներին նույնիսկ ձմռան ցուրտը չի խանգարում վաղ առավոտից ձյան հաստ շերտին տեղադրված սեղանների վրա իրենց պատրաստած մուրաբաները, չրերը, ինչպես նաև տեղի բուժիչ խոտաբույսերը շարել և սպասել գնորդներին։ Իսկ անմիջապես ըմպելասրահի կողքին՝ առատ ձյան վրա, գույնզգույն ծաղիկների տեսարանն է անմահացած կտավների վրա՝ այսպես ասած, նկարների ցուցահանդես-վաճառք է։  

«Այս տարի հանքային ջրերի ըմպելասրահի հետևի ճեմուղին պետք է հիմնանորոգվի։ Նախագիծ է պատրաստվում նաև ըմպելասրահը հիմնանորոգելու համար՝ սանհանգույցը պետք է քանդեն՝ վերակառուցեն զրոյից, ամբողջությամբ նոր ջրամատակարարման համակարգեր տեղադրեն»,- ասաց մեր զրուցակիցն ու հավելեց, որ սուբվենցիոն ծրագրերով նաև կասֆալտապատվեն համայնքի Մաշտոցի, Շահումյանի, Մյասինկյանի, Բաբկեն Վարդանյանի, Մելիք Ադամյանի, Իսակովի անվան փողոցներն ու կապահովվեն լուսավորությամբ ։  
Ջերմուկում հանգստացողները, որոնք այցելում են հյուրանոցներ ու առողջարաններ ոչ իրենց սեփական ավտոմեքենաներով, դժգոհում են տաքսի-սերվիսների բացակայությունից։ Ջերմուկում, բացի նրանից, որ տաքսի-սերվիսներ չկան, նաև տաքսի պատվիրելու մոբայլ հավելվածներից հնարավոր չէ օգտվել, օրինակ՝  GG կամ Yandex go հավելվածներով տաքսի փնտրելուց միանգամից ցույց է տալիս՝ այս տարածաշրջանում ծառայությունն անհասանելի է։ 

Ստեփանոս Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ջերմուկում կան միայն անհատ տաքսիներ, իսկ 2018թ.-ից նույնիսկ ավտոկայանն է փակվել, մի քանի անգամ գրավոր դիմել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, «Հայավտոկայարան» ՓԲԸ, բայց ոչ մի պատասխան չի ստացել. «Մարդիկ զանգում են Ջերմուկ-Երևան կամ հակառակ ուղղությամբ գնացող վարորդներին, որ մեքենաներում տեղ պահեն»։ 

Ջերմուկի գեղատեսիլ լեռներում գտնվող հանքային տաք, բաց աղբյուրներից, այսպես կոչվող՝ գեյզերից, տուրիստներն օգտվում են նաև ձմռանը՝ չնայած գեյզերի շրջակայքում առկա ձյան հաստ շերտին։  Սակայն գեյզեր հասնելու ճանապարհն այնքան էլ հեշտ չէ նույնիսկ ամռանը՝ պարտադիր է ամենագնացով ճանապարհ ընկնել։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ գեյզեր տանող ճանապարհին հատող գետ կա, բացի դրանից, ճանապարհահատվածն է բավական երկար, և այս տարի չեն հասցնի այդ ճանապարհն այնպես սարքել, որ մարդիկ ցանկացած ավտոմեքենայով կարողանան հասնել: «Բայց գեյզերի մոտ նախատեսել ենք համայնքի միջոցներով հանդերձարաններ տեղադրել, որպեսզի մարդիկ կարողանան իրենց հագուստը փոխել»,- եզրափակեց մեր զրուցակիցը։ 

Մոտ 70 մետր բարձրությունից թափվող Ջերմուկի ջրվեժի ճանապարհը ձմռանը ևս դժվարանցանելի է լինում՝ երբեմն հնարավոր է հասնել ամենագնացներով, բայց հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են հայ տուրիստները ոտքով իջնում դեպի ջրվեժ՝ հաճույքով հաղթահարելով ձյունաշատ ճանապարհը։ 

Նարա Մարտիրոսյան