Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կյանքս՝ Արցախին»․ երկու եղբայրները զոհվել են նույն օրը, նույն վայրում

«Կյանքս՝ Արցախին»․ երկու եղբայրները զոհվել են նույն օրը, նույն վայրում
Հասարակություն
22:27, 07 февраль 2022
Գեղամ Ղազարյանը ձեռքը դնում է հայրական տան բակի բարդուն, ապա նայում հեռուներ։ Կրտսեր որդու՝ Նարեկի բարդին է, դրա կողքին՝ բակային տաղավարը։ Ու թվում է, թե հայրը մտովի վերադառնում է այն ժամանակներ, երբ երկու որդիներն ինքնամոռաց խաղում էին: Հիմա բարդու կողքին երկու որդիների՝ Նարեկի եւ Սամվելի հիշատակի հուշարձանն է՝ «Կյանքս Արցախին» գրությամբ։ Երկուսն էլ զոհվել են նույն վայրում նույն օրը՝ ժամերի տարբերությամբ, Նարեկը՝ 18 տարեկանում, Սամվելը՝ 19։Նարեկ Ղազարյանը հետմահու արժանացել է Արցախի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ու «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ ավագ եղբայրը՝ Սամվելը, ստացել է Արցախի հերոսի կոչում։

Էջմիածնի Զվարթնոց թաղամասում սառն է, թեեւ դեռ կեսօր է։ Հուշարձանի մոտ հավաքվել են հարեւաններն ու ընկերները։ Ու բոլորի դեմքերին անբացատրելի ցավի թրթիռ ու ափսոսանք կա։ Այստեղ պարզապես ուզում ես գլուխդ կախել եւ լռել։ Ծանր է խոսելը։ Գեղամ Ղազարյանն անհանգիստ անցուդարձ է անում, կարծես, ցավը ներսից այրում է։ Նրա ամեն օրն սկսվում է այստեղից։ Հուշարձանի թե՛ ստեղծման, թե՛ տեղադրման նախաձեռնությունը նրանն է։

Քիչ անց նա մեզ հրավիրում է տուն։ Դարպասի դուռը բացելուց հետո ասում է՝ մի ժամանակ երջանիկ տուն էր, բայց․․․ Նախադասությունը կիսատ է թողնում եւ արագ ներս մտնում։ Բակում արքայանարնջի փոքր ծառն է։ Բանակ գնալուց առաջ Նարեկն էր տնկել՝ խնդրելով ջրեն մինչեւ իր վերադառնալը։ Ձմռան այս ամիսներին տնկին չորացել է։

Հյուրասենյակի մուտքի մոտ կինն է՝ Նուշիկ Մուրադյանը։ Նա մեղմ ժպիտով մեզ հրավիրում է ներս։ Սենյակի անկյունում երկու եղբայրների լուսանկարներն են՝ կողք-կողքի։ Սեղանին նրանց մեդալներն են եւ ծաղիկներ։

Նուշիկը, դարակը բացելով, ցույց է տալիս Նարեկի մեքենաների հավաքածուն։ Մի պահ նայելով դրանց՝ մայրը տխուր ժպտում է։ Համակարգչի վրա Նարեկի խաղալիք զինվորներն են։ «Նարեկն այդպես էլ երեխա գնաց»,- սա ասելուց հետո Նուշիկի աչքերը խոնավանում են, եւ արցունքները, կարծես, անձրեւի պես թափվում։ Բանակ գնալուց առաջ Նարեկը տանն էր թողել նաեւ հեռախոսը՝ մորը խնդրել էր պահել մինչեւ հետ կգար։


Նուշիկը սուրճը դնում է սեղանին, հետո լուսանկարների ալբոմն է բերում։ Հիշողության թելը ձգվում է անցյալի միջով եւ երբ հասնում է ներկա, կտրվում է։ Հիմա նրանց ներկան էլ լցված է անցյալով։

Ամուսիններով զրոյից տուն են ստեղծել, բայց երբ պիտի վայելեին, Գեղամն ասում է «տունս քանդվեց»։ Երկու եղբայրներն այնքան մտերիմ էին ու ընկերական, որ դա առանձնակի ջերմություն էր հաղորդում ծնողներին։

Սամվելը ծնվել է 2000 թ․ դեկտեմբերի 23-ին, Նարեկը՝ 2002 թ․ փետրվարի 13-ին։ Նուշիկն ասում է՝ Նարեկը չէր սիրում իր ծննդյան օրը։ Քանի որ այդ օրը սկսում էին նշել Տրնդեզը, շատերը չէին կարողանում ներկա գտնվել նրա տարեդարձի խնջույքին։ «Միշտ ասում էի՝ իմ դասական եւ ռաբիս տղերքը։ Նարեկը դասական էր՝ սկսած հագնվելու ոճից, լսած երաժշտությունից, Սամվելը ռաբիս երաժշտություն էր լսում, դհոլ էր նվագում։ Նարեկը գրական էր խոսում, մեզ էլ երբեմն ուղղում էր։ Արվեստագետների կյանքն էր կարդում։ Մի քանի անձեռոցիկ էր պահում մոտը, կարող ա ճանապարհի կեսից հետ գար, ասեր՝ շորերիս համադրությունը դուրս չի եկել»,- պատմում է մայրը, ու նրա աչքերը դարձյալ խոնավանում են։
Հյուրասենյակի պատին փոքր դհոլ է կախված։ Սամվելի ընկերներն էին նվիրել նրան՝ բանակ գնալուց առաջ։ Սամվելը պրոֆեսիոնալ դհոլ նվագող էր։ Գեղամը հարեւան սենյակից բերում է նրա դհոլը։ Զորակոչվելուց առաջ Սամվելը սպիտակ էր ներկել դհոլը, հետո ասել, թե երբ վերադառնա, սեւ դհոլ է առնելու իր համար։