Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարկով կարտոֆիլ՝ «կոլխոզի նախագահ» Լուկաշենկոյին․ ակցիա Բելառուսի դեսպանատան մոտ

Պարկով կարտոֆիլ՝ «կոլխոզի նախագահ» Լուկաշենկոյին․ ակցիա Բելառուսի դեսպանատան մոտ
Հասարակություն
15:53, 09 февраль 2022
Ի պատասխան Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի՝ Հայաստանի մասին վիրավորական հայտարարությունների՝ Ազգային ժողովրդավարական բևեռի երիտասարդական թևի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անում Հայաստանում Բելառուսի դեսպանատան մոտ։

«Բելառուսի չընտրված բռնապետ նախագահ Լուկաշենկոն իրեն թույլ տվեց շատ վիրավորական ու արհամարհական տոնով արտահայտվել հայ ժողովրդի ու Հայաստանի հասցեին։ Մեր քաղաքական ուժը մեկ-երկու օր սպասեց, որպեսզի հայաստանյան իշխանությունները հավուր պատշաճի անդրադառնան այս իրադարձությանը և պատասխան պահանջեն Բելառուսի այսպես կոչված նախագահից՝ կանչելով դեսպանին ու դիվանագիտական նոտա հղելով։

Մենք ակնկալում էինք, որ պահանջ կներկայացվի, որպեսզի այդ մարդը ներողություն խնդրի իր խոսքերի համար։ Բայց, ինչպես մենք սպասում էինք, նման բան տեղի չունեցավ, այլ տեղի ունեցան շինծու, շատ թեթև ստրկամիտ ինչ-որ քայլեր։ Բայց իրականում դա դիվանագիտական ու պետական մակարդակով արձագանք չէր նման զազրելի իրադարձությանը»,- ասաց ԱԺԲ մասնակից Մարգարիտա Սադոյանը։

Ըստ նրա՝ սա առաջին դեպքը չէ, որ Լուկաշնեկոն այսպես հարձակում է գործադրում Հայաստանի և հայ ժողովրդի վրա։ «Իրականում ո՞վ պետք է լինես, որպեսզի, այսպես կոչված, դաշնակցային միության, ՀԱՊԿ կոչեցյալի մեջ գտնվող երկրի հանդեպ այդպես արտահայտվես։ Բոլորս հասկանում ենք Լուկաշենկոյի դրդապատճառբները, Լուկաշենկոն մարդ է, ով իրեն մի փոքր ավելի բարձր է զգում Մարգարիտա Սիմոնյանից, Կրեմլի այլ պրոպոգանդիստներից։ Իր երկիրը վաճառած մեկը, ով իր իշխանությունը մի քիչ էլ երկարացնելու համար իր երկիրը վաճառել է Ռուսաստանին, իր անձը նույնպես, դարձել է Պուտինի խոսնակը։

Մենք հասկանում ենք, թե ինչի համար են այսպիսի հարձակումնեը Հայաստանի վրա, որովհետև նրանք տեսնում են, որ այն, ինչ ձեռնարկեցին ՀՀ ու նրա մասը կազմող Արցախի հանդեպ, չեն կարողանում այնպես մարսել, ինչպես իրենք ուզում էին։ Իրենք չեն կարողանում իրենց ագրեսիան մարսել, դրա համար փորձում են մեր հասարակությանը կեղծ մտքեր տալով, որ մենք ոչ ոքի պետք չենք, մեզ դրդել, որ գնանք ինչ-ինչ զիջումների։ Բայց նման բան չի լինելու։ Լուկաշենկոն մի իզգոյ մարդ է, որին քաղաքակիրթ աշխարհը չի համարում նախագահ, Բայդենը հանդիպում է իսկական ընտրված նախագահի հետ, և այդ մարդը կանգնում ու ասում է՝ Հայաստանն ո՞ւմ է պետք։ Ասեմ ձեզ, պարոն Լուկաշենկո, որ ՀՀ-ն միակն է ձեր այդ թայֆայից, ում հրավիրել են համաշխարհային ժողովրդավարության գագաթնաժողովին։ Ես կոչ եմ անում մեր հասարակությանը՝ ոտքի կանգնենք, օր առաջ ստեղծենք այնպիսի պետություն, որ Լուկաշենկոյի նման թափթփուկները և ոչ ոք իրեն թույլ չտա մեր հայրենքի ու ազգի հանդեպ նման ստոր ձևով արտահայտվել»,- ասաց նա։

Ակցիայի մասնակիցները պարկով կարտոֆիլ են տարել դեսպանատան մոտ։ Ըստ նրանց՝ դա խորհրդանշում է Լուկաշենկոյին՝ որպես կոլխոզի նախագահի։ Պարկում նաև աղբ և փտած կարտոֆիլ կա, որը, ըստ ակցիայի  մասնակիցների, Լուկաշենկոյի ներաշխարհն է խորհրդանշում։

Աղբյուր՝ lragir.am