Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խորհրդային տարիներին կառուցված շենքերի մեծ մասը դեռ ունեն բարձր խոցելիություն. Սոս Մարգարյան

Խորհրդային տարիներին կառուցված շենքերի մեծ մասը դեռ ունեն բարձր խոցելիություն. Սոս Մարգարյան
Հասարակություն
14:01, 14 февраль 2022
«Դեռ Խորհրդային Միության տարիներին սեյսմիկ վտանգը թերագնահատված էր, այսինքն՝ ինչը որ 9 կամ 10 բալի համար պետք է կառուցվեր, կառուցվում էր 7-8 բալի, Հայաստանը բաժանված էր երկու գոտու՝ 7 և 8 բալի։ Եվ խնդիրների մեծ մասը գալիս է այդտեղից, որ դա ծախսատար է ու ժամանակատար»,-այս մասին  այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը։

Նա նշեց, որ Սպիտակի երկրաշարժից հետո սեյսմակայուն շինարարության նորմերը, երբ վերանայվեցին, այդ մասը շտկվեց։

Ինչ վերաբերում է այսօր տեղի ունեցող կառուցապատմանը, Սոս Մարգարյանը նշեց, որ նախ իրենց մասնագետներն իհարկե մասնակցում են նախագծային աշխատանքների վերլուծությանը, բայց ամբողջ դաշտը Քաղաքաշինության կոմիտեի կողմից է իրականացվում։

Իսկ այն մտահոգությունը, որ բնակիչները հայտնում են, որ շենքը կառուցելիս շատ փորեցին, քիչ փորեցին, չի կարծում, թե կարող են մեծ խախտումներ անել, որովհետև փորում են այնքան, ինչքան թույլատրվում է։ 

«2020 թվականին մենք ունեցանք նոր սեյսմակայուն շինարարության նորմեր, որտեղ ևս շտկվեց։ Մեր ծառայությունը ևս մասնակցեց սեյսմիկ վտանգի կազմման քարտեզին, այնտեղ կա 10 բալ, այսինքն՝ այդ նորմը հիմնված է այդ քարտեզի վրա, շտկվում են, բայց շենքերի մեծ մասը, որոնք կառուցված են խորհրդային տարիներին, դեռ ունեն բարձր խոցելիություն, ու դրա համար հենց մեր ծառայությունը իրականացնում է պետական ծրագրով սեյսմիկ խոցելիության գնահատում և սեյսմիկ ռիսկի նվազեցում»,- ասաց Սոս Մարգարյանը։       
Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 18:25-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան՝ Բավրա բնակավայրից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի, Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ: