Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սահմանագծման դեպքում Հայաստանի որևէ տարածք չեզոք գոտում հայտնվել չի կարող․ Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանին արված առաջարկից․ տեսանյութ

«Կառավարությունը եւ օրենսդիր մարմնի ներքաղաքական թիմի ներկայացուցիչները երկար ժամանակ ներկայացրել են առաջարկներ, որոնք վերաբերում են հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, սահմանապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով խորհրդային տարիներին գոյություն ունեցող քարտեզը կամ քարտեզները»։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով Հայաստանի՝ ՌԴ-ի միջոցով Ադրբեջանին արված սահմանազատման առաջարկի վերաբերյալ։

Արմեն Գրիգորյանը նշեց, որ Ադրբեջանին  գրավոր առաջարկ է ներկայացվել եւ ակնկալվում է Ադրբեջանից գրավոր արձագանք։

Լրագրողներից մեկի հարցին՝ արդյո՞ք կան տարածքներ, որ Ադրբեջանը համարում է մենք իրենց տարածքում ենք եւ պետք է հետ քաշվենք, Գրիգորյանը արձագանքեց․ «Մեր առաջարկության հիմքով առաջ գնալու դեպքում այդպիսի հարց չի առաջանում, որովհետեւ հաշվի ենք առնում Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող քարտեզը․ այսինքն՝ ոչ թե այս պահին գոյություն ունեցող զորքերի տեղակայումով ենք հետքաշման գործընթացը սկսում, այլ հիմքում դրվում է Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող քարտեզը եւ այդ քարտեզով զորքերը հայելային հետ են քաշվում, նման դեպքում այդպիսի հարց չի առաջանում»։

Անդրադառնալով պնդումներին, թե սահմանազատման արդյունքում Հայաստանի  որոշ տարածքներ կարող են հայտնվել չեզոք գոտում, Գրիգորյանը հերքեց դրանք, նշելով, որ նման որևէ վտանգ չկա եւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի դեպքում որևէ համայնք կամ Հայաստանի Հանրապետության որևէ տարածք չեզոք գոտում հայտնվել չի կարող։