Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«10 համայնքներում, որտեղ կառուցվում են դպրոցներ, ընդհանրապես դպրոցի շենքեր չեն եղել»․ Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչ

«10 համայնքներում, որտեղ կառուցվում են դպրոցներ,  ընդհանրապես դպրոցի շենքեր չեն եղել»․ Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչ
Հայաստան
13:30, 26 ноябрь 2021
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանն այսօր ասուլիսի ժամանակ, խոսելով կառավարության ծրագրում ամրագրված կրթական հաստատությունների կառուցման, վերակառուցման մեծ ծավալների մասին, նաև ասաց, որ դրան զուգահեռ Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է մի շարք օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններ։ 

«Մենք այս տարվա սկզբին փոխեցինք սեյսմակայուն շինարարության նորմերը, որոնք հնարավորություն կտան ավելի որակյալ ու ավելի սեյսմակայուն շենքեր կառուցելու, մասնավորապես՝ դպրոցներ և մանկապարտեզներ, նախակրթական հաստատություններ, որոնք արդեն հաջողությամբ կիրառվում են նախագծված ոլորտում։ Մյուս կարևոր փոփոխությունը, որ մենք ներկայումս նախաձեռնել ենք, բազմակի կիրառվող նախագծերի օգտագործման ցանկերի մշակումն է, որոնք հնարավորություն կտան, որ այն նախագծերը, որոնք արդեն իսկ կիրառվել են, ինչպես դպրոցներ և նախակրթական հաստատություններ են կառուցվել, այդ նախագծերը նաև կիրառել այլ համայնքներում ու այլ քաղաքներում»,- ասաց Դավիթ Գրիգորյանը։ 

Նրա խոսքով՝ սա ևս մի քայլ է՝ արագացնելու համար քաղաքաշինական ծրագրերը, քանի որ նախագծման վրա բավականին ժամանակ են ծախսում, և այսպես իրենք մի որակյալ նախագիծ պատվիրելով և հաստատելով այդ նախագիծը՝ բազմակի կկիրառեն այլ տեղերում։ 
Ասուլիսին ներկա Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանն էլ տեղեկացրեց, որ այս տարի հանձնվել են կամ շահագործման կհանձնվեն Երևանում մեկ դպրոց, օլիմպիական հերթափոխի քոլեջում հանրակացարանային մասնաշենք և Վանաձոր քաղաքում արվեստի քոլեջ։

«10 համայնքներում, որտեղ կառուցվում են դպրոցներ, այդտեղ ընդհանրապես դպրոցի շենքեր չեն եղել, իսկ մնացած 12 համայնքներում դրանք կամ նոր հողատարածքի վրա են, կամ եղած շենքն ամբողջությամբ ապամոնտաժվել է և կառուցվում է նորը»,- ասաց Արսեն Միրզոյանը։