Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022 թվականին ԿԳՄՍՆ-ին հատկացվող գումարն աճելու է 27 տոկոսով. Առաջիկա 5 տարում կառուցվելու են 300 դպրոց և 500 նախադպրոցական հաստատություն. վարչապետ

«Մեր պետության հարատևությունը ապահովելու համար անհրաժեշտ են երկարաժամկետ ներդրումներ գիտության և կրթության բնագավառում»,- այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկումների ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ 2022 թվականին ԿԳՄՍ նախարարությանը հատկացվող գումարն աճելու է 27 տոկոսով. «Այստեղ են կրթական օբյետների շինարարության և նախագծման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները, որով շարունակվելու են ներկայումս ընթացող շինարարական աշխատանքները, և նախագծվելու են բազմաթիվ նոր ուսումնական հաստատություններ, այդ թվում՝ մոդուլային, որոնք ապահովելու են 300 դպրոցների և 500 նախադպրոցական հաստատությունների կառուցումը առաջիկա 5 տարվա ընթացքում»:

«2022 թվականին միայն գիտության ֆինանսավորման ուղղությամբ հատկացվելու է 83 տոկոսով ավելի գումար, իսկ գիտական թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարը կազմելու է 6.7 մլրդ դրամ՝ 2.5 անգամ ավելի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ կառավարության ծրագրերը կյանքի կոչելու համար անհրաժեշտ են ոչ միայն տնտեսական միջամտություններ կառավարության կողմից, այլև հասարակական-մշակութային վերափոխումներ: 

Վարչապետը կարևորեց պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը և աշխատանքային մշակույթի վերափոխումը. «Կառավարումը պետք է նպաստի և ոչ թե խոչընդոտի ներդրումների իրագործմանը»: